Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/511

Այս էջը հաստատված է

թե՝ ինձ ջոկ օթախ պիտիս տաք, սուրյոզնի պարապունքներ ունիմ. կոսե, էրեխեքը խանգարում ին:

Խոսք տվի, որ հենց վաղն ևեթ կաշխատեմ բնակարան ճարել ինձ համար: Այդ բանն ասացի այնպես հանգիստ, որ ինքս ինձ վրա զարմացա: Բայց այդ արտաքին հանգստություն էր, մինչդեռ ներքուստ այնքան շփոթված էի, որ երբ տանտերս ներողություն խնդրելով դուրս գնաց, դեռևս երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այդ անակնկալից:

Շատ պոլիտիկոս մարդ էր տանտերս. առանց կռվի ու ղալմաղալի, համով ու քաղցրությամբ, «աղա դոկտորի սուրյոզնի պարապմունքների» պատրվակի տակ վռնդում էր ինձ տնից, որպեսզի մի անգամ առմիշտ հույսս կտրեմ իր աղջկանից:

Շատ բարի,— ասացի ինքս ինձ, երբ մի քիչ ուշքի եկա, և ինքնասիրությունս թունավոր օձի պես սկսեց կամաց-կամաց գլուխը բարձրացնել իմ մեջ:— Շատ բարի,— կարծես սպառնում էի, ինչո՞վ և ո՞ւմ— չգիտեմ:

Ու հետևյալ օրը, հենց որ դպրոցում դասերս վերջացրի՝ գնացի նոր բնակարան որոնելու: Վարձեցի առաջին պատահած սենյակը, ամենևին ուշադրություն չդարձնելով ոչ հարմարության և ոչ գնի վրա, և վճռեցի նույն օրն ևեթ տեղափոխվել: Ինձ թվում էր, որ եթե մի օր անգամ ուշացնեի, լիովին գոհացում տված չէի լինի ինքնասիրությանս:

Այն միջոցին, երբ ունեցած-չունեցածս հավաքում էի, որ մշակի շալակը տամ, տանտերս կանգնեց գլխիս:

— Վա՛, էսենց շո՞ւտ.— զարմացավ:— Գեթաղվա, խոմ չի՞ս նիղացի:

— Ինչո՞ւ պիտի նեղանամ:

— Յիս ի՛նչ գիտիմ, էսենց մե բաշ․․․ Գիտիս, էլի, ինչքան սիրեցի քեզ, բայց էս իմ աղա դոկտորը․․․ Մախլաս: Օթախդ վո՞ւրդի է, լավ տիղ է՞, վո՞ւնց իս բռնի:

Պատասխանում էի հանգիստ, սառը: Նույն սառնությամբ հրաժեշտ տվի նրան, կնոջը, երեխաներին: Քալին չէր երևում: «Աղա դոկտորը» տանը չէր: Քալիի բացակայության մասին ոչ մի խոսք չթռցրի բերանիցս, կարծես բնավ գոյություն չուներ: Չհիշեցին նրա մասին և ծնողները: Փոխադարձաբար հասկանում էինք իրար մտքինը և համառությամբ