Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/512

Այս էջը հաստատված է

լռում Քալիի մասին։ Րոպեն անհամ էր։ Տանտիրոջս ձեռքը մերջին անգամ սեղմելու ժամանակ տվի նրան սենյակիս վերջին ամսականը։ Ի դեպ հիշեմ, որ տերտերացուի հետ ամբողջ յոթ ամիս պարապելուս համար ոչ մի կոպեկ չէի ստացել, իսկ սենյակիս վարձը կանոնավորապես վճարում էի, և տանտերս ընդունում էր առանց որևէ առարկության, ինչպես ընդունեց և այս անգամ։

— Լավ, էս վուր գնում ես, բաս միր Կոլյայի բա՞նը վունց պիտինք անի,— ասաց նա։

— Ուզում եք, կշարունակեմ պարապել։

— Վա՛, վո՞ւնց թե ուզում ենք, բաս խոմ կիսատ չի՞նք թողնի։

— Շատ բարի, կգամ պարապելու,— ասացի առանց մտածելու և իսկույն էլ զղջացի, որովհետև տանտերս նույնիսկ նկատելի հանգստությամբ վրա բերեց.

— Չէ՛, չէ՛, ինչի՞ դու նիղութին քաշիս գաս. հազիր էրեխեն ինքը գուքա, դու մենակ ասա վուրդի իս բռնի օթախը։

Տվի նոր բնակարանիս հասցեն և գնացի։

Սկզբի օրերում վիրավորանքս ինքնասիրությանս ազդեցության տակ այնքան սաստիկ էր, որ գրեթե չէի զգում Քալիից անջատվելս։ Բայց հետո կամաց֊կամաց այնպիսի մի թախիծ, այնպիսի մի կարոտ տիրեց ինձ, որ երբեմն սարսափահար մտածում էի, մի գուցե խելագարվեմ։ Ախորժակս կապվել էր, գիշերները քուն չունեի, դպրոցում դասերս պարապում էի մեքենայաբար, նոր բնակարանում — մի խոնավ, կեղտոտ, անպիտան բնակարան — սիրտս վեր չէր գալիս, պարապ ժամանակս թափառում էի չգիտեմ որտեղ։ Մի խոսքով՝ տաժանելի դրություն, որը հանկարծ, անսպասելի կերպով, հակառակ կամքիս, եկել կաշկանդել էր ինձ ամուր․․․ Քալիի պատկերը գիշեր֊ցերեկ աչքիս առջևն էր։ Երբեմն հուսահատությունից լաց էի լինում երեխայի նման։ Այնքան հպարտ ինքնասիրությունս, ավա՜ղ, առմիշտ մնաս բարով էր ասել ինձ։ Նոր էի զգում, որ սիրում եմ այդ հրաշալի, այդ զարմանալի աղջկան և առանց նրան չեմ կարող։ Այնքան ընտելացել էի նախկին բնակարանիս և այդ բնակարանի մեջ ամեն օր նրան տեսնելուս, նրա ձայնին, ծիծաղին, որ այժմ նոր բնակարանս, Քալիից զրկված լինելս մի խիստ