Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/513

Այս էջը հաստատված է

տարօրինակ և անտանելի բան էր թվում ինձ,— կարծես իմ հայրենի աշխարհից հանկարծ պոկել շպրտել էին ինձ մի օտար աշխարհ։ Կարոտը սպանում էր ինձ։ Կարոտում էի ոչ միայն Քալիին․ ուրախությամբ կցանկայի տեսնել նաև նրա հորը, նրա բժիշկ եղբորը, մյուս փոքրիկներին, նույնիսկ նրա կռվարար մորը, որը մեր անջատման գործում անշուշտ քիչ դեր չպիտի լիներ խաղացած,— մի խոսքով՝ այն ամենքին և այն ամենը, որոնց հետ կապ ուներ Քալին և որոնք կհիշեցնեին ինձ Քալիին։ Այդպիսի հուսահատական դրության մեջ մի կատարյալ սփոփանք էր ինձ համար Քալիի ինձ նվիրած թաշկինակը — միակ առարկան, որին նայելով, որը համբուրելով թե՛ կարոտս էր ավելի վառվում, և թե՛, միևնույն ժամանակ, սիրտս հովանում։

Վերին աստիճանի հետաքրքրում էր ինձ այն միտքը, թե Քալին արդյոք նո՞ւյնպես քաշում է իմ կարոտը, ինչպես ես իրենը։ Բայց արդյոք սիրո՞ւմ էր նա ինձ... Այս հարցը հանկարծ ծագեց գլխումս, և ամեն հանգամանք կշռադատելով, ավելի շուտ տրամադիր էի կարծելու, որ չէ, չէր սիրում։ Այլապես, անկարելի բան էի համարում, որ հրաժեշտի ժամանակ կամ, եթե ծնողներից վախենում էր, դրանից առաջ կամ հետո չաշխատեր մի կերպ, ծնողներից ծածուկ, ինձ հետ տեսնվել։ Օ՜, իհարկե, թաշկինակ նվիրելն ավելի հեշտ է, քան սիրտ նվիրելը։

Տեսականորեն ես միշտ, եթե ոչ անկարելի, գեթ աննորմալ, հիվանդագին երևույթ եմ համարել սիրել առանց փոխադարձության։ Այդպիսիներին ես միշտ իրենց հարգը չճանաչող, կամքից և ինքնասիրությունից զուրկ ողորմելի արարածներ եմ համարել — ուղղակի փալաս։ Սակայն անձնական փորձս ցույց էր տալիս, որ ուրիշ է տեսականը, ուրիշ գործնականը.— գրեթե համոզված էի, որ Քալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ, մեռնում էի նրա համար, չնայելով որ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ես ամեն բան եմ և եղել եմ միշտ, բայց ոչ երբեք փալաս։

Այսպես թե այնպես, կասկածս մի անգամ առմիշտ փարատելու և անելիքս որոշելու համար կարիք ունեի ստուգելու, ուզում էի ստուգել Քալիի դեպի ինձ տածած զգացումը։ Բայց ի՞նչպես ստուգեի, ոչ մի տեղ չէի հանդիպում նրան.