վրա, որ մամաս սուս կացավ և գնաց Վանիչկին ծիծ տալու: Հետո պապան հրամայեց ինձ, որ գրքերս հավաքեմ և գամ ձեզ մոտ։
Ինձ համար միանգամայն անսպասելի այդ բաները լսելուց հետո ակամա մտախոհության մեջ ընկա։ Խոսք չկա, որ այդ բոլորն իմ պատճառով էր,— Քալիի մայրը հակառակ էր ինձ, հայրն իմ կողմն էր։ Վերջին հանգամանքն անսպասելի նորություն էր ինձ համար։
Այդ օրը իբր թե պարապեցի Կոլյայի հետ. դասի միջոցին հարցերը տալիս էի մեքենայաբար, պատասխանները լսում անուշադիր։
«Քույրիկս լաց էր լինում»,— այս խոսքերը դրոշմվել էին ուղեղումս և չէին հեռանում այնտեղից։ Ու չգիտեմ, երեխայական միամտությամբ արտասանած այդ խոսքերը ցնծությո՞ւն էին պատճառում ինձ, թե խորին թախիծով համակում սիրտս. գիտեմ միայն, որ դեպի Քալին տածած կարոտս իր գագաթնակետին հասավ։ Կոլյայի ասածներից պարզ էր ինձ համար, որ մայրն իրեն հատուկ լեզվի զորավոր արտահայտություններով հանդիմանություն էր հայտնում աղջկան իմ պատճառով, և աղջիկը լաց էր լինում— արդյոք ինձ սիրելո՞ւց և նրա՞ համար, որ չէր կարող մորը դիմադրել, թե՞ այն պատճառով, որ մոր հանդիմանություններն անարդար էր համարում, որովհետև ինքը չէր սիրում ինձ։ Այդ բանը դարձյալ հանելուկ մնաց ինձ համար և նոր մտատանջություների առիթ դարձավ։
Հետևյալ օրը Կոլյայի հետ պարապելիս, երբ մտածում էի, թե ինչպես անեմ, որ նոր խոսք դուրս քաշեմ նրանից Քալիի մասին, հանկարծ նա դասն ընդհատեց և դարձավ ինձ.
— Գիտե՞ք, պարոն, քույրս շատ է դարդ անում։
— Ինչի՞ համար։
— Ձեզ համար։
— Վա՛հ...
Այդ բացականչությունն ակամա դուրս թռավ բերանիցս ոչ այնքան նրա համար, որ այդ հայտնությունն անակնկալ ազդեցություն գործեց ինձ վրա, որքան նրա՛ համար, որ իմ կարծած բթամիտ տերտերացու աշակերտս այդ բանը