Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/517

Այս էջը հաստատված է

առիթ էր, որ գնայի նրանց տուն և հիվանդ աշակերտիս այցելելու պատրվակով վերջապես տեսնեի Քալիին, որի կարոտը սպանում էր ինձ։

Ու նույն օրն ևեթ երեկոյան գնացի։

Դեռ Քալիենց տանը չմոտեցած՝ նրանց բակից ինչ-որ ճղճղոցի և բղավոցի ձայներ լսեցի։ Եվ երբ ներս մտա բակը, ակամա կանգ առա ապշած։

Բոլոր կենողները դուրս էին թափվել տներից։ Վերևը, պատշգամբում, կանգնած էր Քալիի մայրը, գիժ֊Կեկելը, և ականջ ծակող ձայնով, վերին աստիճանի արագահոս բառերով ինչ-որ ճղճղում էր վրացերեն. ներքևը, բակում, կապայի թևերն ուսերին գցած, գլխարկը ճակատից ետ քաշած, կանգնած էր Քալիի հայրը, Սերգեյ Ավետիչը, և նույնպես ինչ֊որ բղավում էր։ Երևում էր, որ մի քիչ «խմած» էր։ Մարդ ու կին երկուսն էլ կռվում էին միաժամանակ, և նրանց ձայները — մեկինը բարիտոն, մյուսինը կոնտրալտո — խառնվում էին իրար ուժեղ դիապազոնով, կռվում էին ո՛ւմ հետ — հայտնի չէր։ Սկզբում կարծեցի, թե կռվում են բոլոր կենողների հետ, բայց երբ տեսա, որ կենողները հանգիստ ու լուռ լսում են նրանց, հասկացա, որ նրանք հանդիսատեսներ էին, «թամաշա» էին անում միայն։

Հետաքրքրված, մոտեցա Սերգեյ Ավետիչին, բարևեցի և հարցրի ինչ էր պատահել։

— Էլ ի՛նչ, ինչ է պատահել,— շարունակեց նա բղավել առանց բարևս առնելու և ընդունելով ինձ այնպես, որ կարծես թե ամեն օր հանդիպում էինք իրար։— էս շան վուրթիքն ուզում ին սաղ բագը կոտորի։ Մեկին էրեգ թաղեցին, երկուսն էլ ասում ին, էսօր ին հոգեվարք դրած։ Ախպեր, չիմ ուզում, թող դուս գան է՛լի։ Տունը իմս չէ՞, վա՛հ։ Առանց էն էլ հառամ ըլի, քրիհը խոմ չին տալի, դուս գնան, է՛լի։ Ուզում ին պոլիցով դուս անի՜մ։ Էս բագումը էսքան երեխեք կան, բաս մեխկը չի՞ն։ Իմ Կոլիս խո հիվնդացրիք, տո անաստուձներ, ուզում իք սաղ քուլփաթս կոտորի՞ք։

Որովհետև Սերգեյ Ավետիչն իր վերջին խոսքերն ուղղեց այն սենյակի հասցեին, ուր ապրում էր «պիանիցը», ուստի վերջապես հասկացա, որ նրա և կնոջ կռիվն այդ սենյակում ապրողների հետ էր։ «Պիանիցի» տան դուռը փակ էր, միակ