Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/520

Այս էջը հաստատված է

Բայց երկրորդ օրը չդիմացա և դարձյալ գնացի նույն պատրվակով։ Ուզում էի լավ դիտել, լավ ուսումնասիրել Քալիի վարմունքը, որպեսզի վերջնական եզրակացության գամ և ըստ այնմ էլ մի անգամ առմիշտ որոշեմ դիրքս։

Այս անգամ Քալին ինձ ընդունեց այնպիսի ոգևորությամբ և այնքան ուրախ, որ սիրտս թունդ ելավ։ «Ահա վերջապես»,— ասացի ինքս ինձ։ Բայց... բանից դուրս եկավ, որ նրա այդ ոգևորությունն էլ, ուրախությունն էլ ինձ համար չէր, այլ որովհետև հիվանդ եղբայրն այդ օրը լավ էր, կրիզիսն անցել էր։

— Երևակայեցեք, որ մեր կենողի երեխաներն էլ լավ են այսօր,— ավելացրեց նա․— ձեր գնալուց հետո Սաշան (բժիշկ եղբայրը) գնաց նրանց էլ նայեց։ Գիտեք, նա որ սկսի պրակտիկայով զբաղվել, հրաշքներ կգործի։ Ափսոս, որ ուշ իմացանք, թե չէ նա այն մեկ երեխային էլ չէր թողնի, որ մեռնի։ Ամենից փոքրն էր և այնքան լավի՜կը․․․ Եկեք, եկեք Կոլյայի մոտ։

Ու ձեռքիցս բռնած ներս տարավ հիվանդ աշակերտիս սենյակը, առանց քաշվելու նույնիսկ մոր ներկայությունից, որից այնքան թուք ու մուր էր կրել իմ պատճառով։ Այդ հանգամանքը բավական զարմացրեց ինձ։ Քիչ չզարմացա նաև այն բանից, որ մայրն այս անգամ թթու դեմք ցույց չտվավ ինձ, ինչպես նախորդ երեկոյան, և նույնիսկ սկսեց քաղցր զրույց անել ինձ հետ։ Ի՞նչ էր այդ անսպասելի փոփոխության պատճառը։ Երևի ա՛յն,— մտածում էի ինքս ինձ,— որ համոզվել էր, թե ես ոչ մի վտանգ չեմ սպառնում իր աղջկան և իր աղջիկն էլ շատ էլ խելքահան չի լինում ինձ համար։

Եվ, իսկապես, թե՛ այդ օրը և թե՛ հետագա օրերը, մինչև Կոլյայի լիովին առողջանալը, երբ ես այցելում էի նրանց տուն, Քալիի դեպի ինձ ունեցած վերաբերմունքի մեջ չէի նկատում այնպիսի մի բան, որից կարողանայի եզրակացնել, թե սիրում է ինձ. ինձ հետ նստում, ասում-խոսում էր, ծիծաղում, կատակներ անում ինչպես լավ բարեկամի հետ և միայն այդքան, այնպես որ ամեն անգամ էլ ես հեռանում էի ծանր երկմտանքի և հուսալքումի տակ ճնշված։

Հոգեկան այս անտանելի վիճակից դուրս գալու համար