Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/525

Այս էջը հաստատված է

— Ո՛չ,— ասաց,— որովհետև... վերջապես ինչ եք ուզում ինձնից... որ ես է՞լ խոստովանեմ, թե...

Խոսքը չվերջացրեց և արագ դարձավ իր աթոռի վրա, որ դեմքը ծածկի ինձնից։ Իսկ այդ դեմքն ամբողջովին կաս-կարմիր կտրեց։

Բայց հարկ էլ չկար որ վերջացներ ասելիքը. ինձ համար այն էլ բավական էր, որ ասաց. և խելացնոր ուրախությունից քիչ էր մնում շնչասպառ լինեի։ Վեր թռա, ուզում էի առնեմ ձեռքը և ծածկեմ խենթ համբույրներով, բայց հանկարծ հիշելով, թե որտեղ եմ, նորից նստեցի և այս անգամ գողի վախկոտությամբ նայեցի շուրջս, առավելապես այն կողմը, ուր նստած էր Քալիի եղբայրը իր ուսանող ընկերների հետ, ըստ երևույթին տաք վիճաբանության բռնված։

Բավական երկար ժամանակ լուռ էինք, ես էլ, Քալին էլ։ Աչքերս անուշադիր և աննպատակ հածում էի շուրջս, առանց որևէ բան տեսնելու և չէի վստահում նայել Քալիին. զգում էի, որ եթե նայեմ, չեմ կարող տիրապետել ինձ և այնպիսի մի խելացնոր բան կանեմ, որ թույլատրելի չի կարող լինել։

Այնուհետև, մի փոքր որ ինքս ինձ հավաքեցի, հարցրի կամաց, կարծես թաքուն.

— «Վերք Հայաստանին» կարդո՞ւմ եք։

— Վերջացրի,— նույնպես կամաց պատասխանեց նա և կարճ լռությունից հետո հարցրեց ժպտալով.— իսկ իմ թաշկինա՞կը...— Պատասխանելու տեղ, նույնպես ժպտալով, ծոցիցս հանեցի նրա նվիրած թաշկինակը, որ պահում էի մաքուր թղթի մեջ փաթաթած, առանց բանեցնելու, ցույց տվի և դարձյալ ծոցս դրի:

— Մեր տանը ոչ ոք չգիտե,— ասաց,— գիշերներն եմ կարել, երբ որ ամենքը քնած էին։

— Վախենո՞ւմ էիք։

— Մայրս շատ խիստ կին է. որ իմանար ձեզ համար եմ կարում, կսպաներ ինձ։

Թեև այդ բանը նորություն չէր ինձ համար, բայց այդ րոպեին, հոգեկան այն վերասլաց տրամադրության մեջ, որի ժամանակ ամեն ինչ մոռացել էի, Քալիի միամտորեն արած այդ խոստովանությունն եկավ սուր ասեղի պես ծակելու