Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/528

Այս էջը հաստատված է

իմանում — ուր։ Անզուսպ, խելացնոր զարմանքիս գիտակցությունը րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան շիկացած երկաթի պես շամփրում էր ուղեղս, և այդ միջոցին ի՞նչ չէի տա, միայն թե այդ գիտակցությունը չունենայի։

Այդ գիշեր իմ քունը քուն չէր, այլ մի կատարյալ մղձավանջ, ուր անդեմ ու մշուշապատ ուրվականների պես խառնվում էին իրար այգու մեջ Քալին, նրա եղբայրը, սրա ընկերները, սեղանների մոտ հեռու-մոտիկ նստած մարդիկ, սրանք բոլորը միասին, իսկ ես մեն-մենակ սրանց բոլորի մեջտեղը իմ ծայր աստիճան արգահատելի դիրքով, բոլորի հետաքրքրության և զարմանքի առարկան...

Հետևյալ օրը ես ուրիշ ավելի լավ բան չգտա անելու, եթե ոչ այն, որ հետևյալ նամակը գրեցի Քալիին ուղարկելու.

«Օրիորդ.

Ես երբեք չպիտի հանգստանամ, մինչև որ իմանամ, թե դուք ներում եք իմ երեկվա խելացնոր վարմունքը («խելացնոր» բառը ի՛նչ զորավոր, ի՛նչ վիրավորական բառով ուզում եք փոխարինեցեք, ես այդ ընդունում եմ)։ Իսկ եթե չներեք, չեմ իմանում, ճշմարիտ, ի՛նչ կպատահի ինձ։ Ես տանջվում եմ, ես հուսահատված եմ։ Երեկվա վարմունքիս գիտակցությունը խենթացնում է ինձ։ Ձեր հրեշտակային ներողամտությունը միայն հանգստություն կբերի տանջված ուղեղիս և հոգուս։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին»։

Այս նամակը մտադիր էի ուղարկել Կոլյայի ձեռքով քրոջը հանձնելու համար։ Երկյուղ չունեի, որ նամակս կարող էր ընկնել Քալիի ծնողների ձեռքը, որոնցից անշուշտ ծածուկ մնացած չպիտի լիներ Մուշտայիդում պատահած միջադեպը, քանի որ այդ միջադեպին ներկա և վկա էր նրա եղբայրը, թեև այս էլ էի կարծում, որ «աղա դոկտորը», իբրև ինտելիգենտ մարդ, իր տգետ ծնողներին կարող էր ոչինչ հայտնած չլինել, իսկ քույրը խո այնքան հիմար չէր, որ ծնողներին պատմած լիներ, թե ինչ խայտառակ դրության մեջ էի դրել ես իրեն հասարակական այգում։ Բայց նամակս Քալիի ծնողների ձեռքն ընկնելուց ես չէի վախենում գլխավորապես այն պատճառով, որ նրա մեջ, իմ կարծիքով, այնպիսի բան չէի գրել, որ նրանց տեսակետից դատապարտելի լիներ. բացի այդ, Քալիի ներողամտությունը ստանալուց