Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/529

Այս էջը հաստատված է

հետո, որի համար ոչ մի տարակույս չունեի, հաստատապես վճռել էի երեսս պնդացնեմ, գնամ ուղղակի նրա ծնողների մոտ և խնդրեմ նրանց աղջկա ձեռքը, թեև մեր հարաբերությունների ամբողջ ընթացքից շատ պարզ էր ինձ համար, որ ոչ մի հաջողություն չպիտի ունենամ: Վճիռս խեղդվող մարդու հուսահատական վճիռ էր. կամ այս, կամ այն. դրանով գոնե մի անգամից կորոշվեր իմ մշտատև երերուն վիճակը և անելիքը։

Նամակս գրել ծրարել էի և սպասում էի Կոլյային, բայց նա այդ օրը ոչ սովորական ժամին և ոչ հետևյալ ժամերին չերևաց։

Այդ արդեն առաջին վատ նշանն էր, և ես խիստ տատանման մեջ ընկա — նամակս ուղարկեի՞, թե ոչ։ «Է՛հ, ինչ ուզում է պատահի, ասացի ինքս ինձ,— եղածից խո ավելի վատ բան չի՞ պատահի», և նամակն ուղարկեցի քաղաքային փոստով:

Բայց պատահեց եղածից ոչ միայն ավելի և շատ ավելի վատ բան, այլև այնպիսի մի բան, որ այն ժամանակվա իմ անտանելի դրության մեջ բնավ չէի նախատեսել։ Այդ բանն այժմ ինձ մի շատ զվարճալի տրագի-կոմեդիա է թվում, բայց այն ժամանակ քիչ մնաց ինձ խելագարության հասցներ։

Կարճ խոսքերով պատմեմ իրողությունը։

Նամակս ուղարկելուց հետո հետևյալ օրը տանից դուրս չելա, րոպե առ րոպե սպասում էի, թե ահա որտեղ որ է, կմտնի կամ Կոլյան, կամ պոստային ցրիչը և կբերի Քալիի պատասխանը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ Կոլյայի կամ պոստային ցրիչի տեղ ահագին աղմուկով սենյակս մտավ, ո՛չ, գնդակի պես ներս նետվեց Քալիի մայրը — «գիժ-Կեկելը» այնպես գազազած, որ վախից տեղն ու տեղս քարացա։ Հևում էր. քրտինքը կոխել էր երեսը, երևում էր, որ վազելով էր եկել։ Ու սկսեց իսկույն, սկսեց ոտը շեմքին դրած հենց առաջին վայրկյանից։ Առաջաբան չկար, սկսեց ուղղակի վերջաբանից, նախ նամակս շպրտեց երեսիս, հետո մի խիստ երկարատև ու փրփրալից ճառ արտասանեց, համեմված իր կռվարար լեզվին հատուկ բավական զորավոր ածականներով և սպառնալիքներով իմ հասցեին։ Դա ճառ