Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/530

Այս էջը հաստատված է

չէր, սովորական խոսակցական լեզու չէր, այլ իրար վրա կուտակված, խելագար վազքով իրար գլխից թռչող բառերի մի անվերջ և անընդմեջ շարահյուսություն՝ առանց ստորակետերի և վերջնակետերի։ Չնայելով ողբալի դրությանս, զարմանում էի, թե ո՛րտեղից էր բխում այդ տիպիկ քաղքենի կնոջ մեջ այդ հարուստ բառապաշարը։

Որքան կարողացա հասկանալ, նրա ցասումնալից ճառն այն մասին էր, թե ի՜նչպես ես, քնձռոտ «ուչիտելս», համարձակվում էի աչք ունենալ իրենց աղջկա վրա, Մուշտայիդում սկանդալ սարքել նրա գլխին և այդ բանից հետո դեռ սիրահարական նամակ էլ գրել նրան։ Եվ այս ամեն մի մեղադրականին անմիջապես կցում էր «շե քեցիանո, շե կռո մամաձաղլո» («դու քոսոտ, դու կռո շանորդի»):

Այսպես, զորս դու պատվիրեցեր, մի լավ ներկեց ինձ, առանց թողնելու, որ մի բառ անգամ արտասանեմ, վերջը ինչ-որ սպառնալիքներ կարդաց ու թողեց հեռացավ, գլխի աղլուխն ուղղելով։

Այստեղ ես կարող էի վերջակետ դնել, եթե ինձ վիճակված չլիներ հետագայում նորից հանդիպելու Քալիին այնպիսի պարագայում, որ այն ժամանակ ինձ ուղղակի խենթացրեց, բայց որի հետ այժմ վաղուց հաշտվել եմ, ինչպես մարդ ժամանակի ընթացքում կհաշտվի իրեն շատ սիրելի հարազատի բնական մահվան հետ։

Անհրաժեշտ եմ համարում այդ հանդիպման մասին գրել պատմությունս լրացնելու համար։

10

Վեց տարի էր անցել։

Այդ վեց տարվա ընթացքում հայ ուսուցչի անհաստատ վիճակը Թիֆլիսից ինձ դարձյալ գավառներն էր նետել։

Ամառվա արձակուրդներին եկել էի Թիֆլիս, թեմական տեսչի մոտ՝ իմ և հոգաբարձության միջև ռոճկիս վերաբերմամբ ծագած մի վեճի համար։

Մի անգամ փողոցով անցնելիս հանդիպեցի Քալիենց բակում ապրող այն կնոջը, որին ազատել էի իր արբեցող մարդու գազանային ճիրաններից, բայց որի պատճառով