Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/531

Այս էջը հաստատված է

դագանակի հարված էի ստացել ծոծրակիս, նույն այդ գազան մարդու ձեռքով։ Այդ վեց տարվա ընթացքում այնքան էր փոխվել, որ հազիվ ճանաչեցի և եթե ինքը չկանգներ չբարևեր, կթողնեի կանցնեի. ավելի կմախքացած, ավելի կորացած, այժմ ուղղակի պառավի էր նմանում իր սև, հնամաշ հագուստի մեջ։

— Այդ դո՞ւք եք, տիկին։ Ինչքա՜ն փոխվել եք։

— Է՜, եղբայր,— հառաչեց նա,— ինչ որ ես կրեցի իմ մարդու ձեռքից ամբողջ տասնհինգ տարի...

— Հիմա խելոքացե՞լ է, էլ չի՞ խմում, չի՞ ծեծում։

Նորից հառաչեց.

— Կա՞, որ խմի, ծեծի...

— Ինչպե՞ս թե...

— Մեռավ։

— Մեռա՞վ... ի՞նչ եք ասում։ Ե՞րբ։

Այս երկրորդ տարին է։

Ձայնը դողաց. առանց շտապելու գրպանից հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին։

Ապշեցի։ Մի՞թե այն գազանի համար էր արտասվում։

— Մի զարմանաք,— ասաց կերկերուն ձայնով, կարծես մտքինս գուշակելով։— Նա այնքան էլ վատ մարդ չէր, բայց անտեր մնա գինին... Եթե շատ էլ որ վատ մարդ լիներ, ինչ ուզում է լինի, էլի իմ ամուսինն էր, իմ թագն ու պսակը...

Ինձ մնում էր միայն ուսերս թոթվել տարակուսանքով այդ նահատակ հայ կնոջ առասպելական անհիշաչարության վրա։

Հետագա հարցուփորձից իմացա, որ «պիանիցը» մեռել էր սպիտակ տենդից։

— Էլի այն տա՞նն եք ապրում,— շարունակեցի հարցուփորձս, որպեսզի կողմնակի կերպով մի խոսք դուրս քաշեմ Քալիի մասին։

— Ոչ։ Ամուսնուս մահից հետո դուրս արին, որովհետև սենյակի վարձը չէի կարողանում վճարել։ Դե ես հիվանդ եմ, ինչքան էլ չարչարվում եմ, սրա-նրա համար լվացք եմ անում, թոկ եմ գզում, տոպրակներ կարում, էլի հազիվ եմ կարողանում կես կուշտ, կես տկլոր պահել երեխաներիս, ո՞ւր մնաց թե կարողանայի ամսական տասը ռուբլի սենյակի