Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/532

Այս էջը հաստատված է

վարձ տալ։ Շատ, շատ վատ մարդ էր մեր տան տերը, իսկ նրա կինը խո... գիտեք էլի, ամեն օր կռիվ ու ղալմաղալ էր մեր բակում նրա պատճառով, երբեմն այնքան դատարկ բանի համար, որ մարդ զարմանում էր։

— Իսկ նրանց աղջի՞կը,— չկարողացա դիմանալ և հարցրի ես։

— Քալի՞ն։ Վայ, ես նրա հոգուն մեռնեմ. նա աղջիկ չէ, նա հրեշտակ է։ Եվ ես զարմանում եմ, մի՞թե կարող էր այնպիսի մի հոր ու մորից այդպիսի մի հրեշտակ ծնվել։ Նա որ չլիներ, մեզ վաղուց էին դուրս շպրտել այն տանից իմ մարդու պատճառով։ Նա էր, որ ինձ մխիթարում էր և օգնում ինչով որ կարողանում էր, ծնողներից ծածուկ։

Ուզում էի հարցնեմ ամուսնացա՞ծ է,— լեզուս չէր զորում։ Վախենում էի դրական պատասխան տար։ Բայց նա, կարծես մտքինս գուշակելով, ասաց.

— Ափսո՜ս, հազար ափսոս, որ իրեն արժանի մարդու չտվին, բոլորովին տգետ, պառավ, համարյա իր հոր տարիքի այրի մարդ է, այնպես որ մի կին արդեն թաղել է։ Բայց ասում են, շատ հարուստ է, Կախեթում ահագին այգիներ ունի, գինու վաճառքով է զբաղվում։

Առժամանակ կանգնած էի շանթահար. ականջներիս չէի հավատում. ամեն բան կսպասեի Քալիից, բայց այդպիսի բան...

— Եվ Քալին համաձայնե՞ց այդպիսի մարդու կինը լինել,— բացականչեցի ես։

— Ի՞նչ կարող է անել խեղճ աղջիկն այնպիսի հոր ու մոր ձեռքին։ Նշանված ժամանակ քանի՜ անգամ եմ տեսել նրան տխուր, արտասուքն աչքերին...

Էլ բան չհարցրի, թողի ու փախա. սարսափում էի ուրիշ մանրամասնություններ լսեմ։ Արդեն այն էլ, ինչ որ իմացա, քիչ էր մնում ինձ խելքահան աներ։

Տգետ, պառավ, գինեվաճառ... այդ բառերը եկան մեկը մյուսի ետևից շիկացած շամփուրների պես ցցվելու ուղեղիս մեջ, որպեսզի այլևս չհեռանան այնտեղից: Գինեվաճառի այդ տիպը ինձ շատ լավ ծանոթ էր Թիֆլիսի Շիրաջխանա կոչված այն զառիվայր փողոցից, ուր կենտրոնացած են Կախեթի գինու խանութներն ու պահեստները՝ լիքը գինու