Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/533

Այս էջը հաստատված է

հսկայական տակառներով և ռումբիներով։ Վեց տարի առաջ Հավլաբարի դպրոցից դասերս ավարտելուց հետո տուն դառնալիս ես համարյա թե ամեն օր տեսնում էի այդ տիպը։ Իր ռումբու պես ուռուցիկ փորով, որի վրա արծաթե գոտին չտեղավորվելու պատճառով թռել էր դեպի կուրծքը, մեկի տեղ եռածալ կզակով, զուռնաչու պես փքած կարմիր թշերով և գոմշի վզով, որի մսերը ծալ-ծալ նստել էին ուսերին ու վզին, նա նստած էր լինում իր խանութի առջև քահրուբարի տեր-ողորմյան ձեռքին և ճարպակալ աչքերով նայում էր իր այդ օրվա ճաշին։ Այդ ճաշը պատրաստվում էր հենց այդտեղ, խանութի առջև, փողոցում. դա ոչխարի ամենաընտիր, ամենաճարպոտ մսի խորովածն է, որի շամփուրները մանղալի առջև պպզած շուռումուռ էր տալիս նրա գործակատարը և որի ճարպահոտն ու ծուխը բռնել էր ամբողջ փողոցը:

Եվ Քալին այդպիսի մարդու կի՜նն էր դառել...

Որ ասեմ թե դեռևս սիրում էի Քալիին — չէ. սերս կամաց-կամաց սառել էր այն օրից, երբ հույսս միանգամայն կտրեցի նրանից։ Այդ ինձ համար պատմական այն օրն էր, երբ նրա մայրը եկավ ինձ մոտ և քիչ մնաց ծվիկ-ծվիկ աներ ինձ, որ համարձակվել էի աչք բռնել իրենց աղջկա վրա: Ուրեմն նրա ամուսնության լուրն առնելիս ինձ այդպես սաստիկ ազդողն այն չէր, որ այժմ Քալին արդեն հաստատապես և վերջնականապես կորած էր ինձ համար, այլ այն, որ ես միանգամից թափանցեցի իրերի դրությունը։ Իսկ իրերի այդ դրությունը հետևյալ կերպով էր ներկայանում ինձ.— Քալին, լավ թե վատ, միջնակարգ կրթություն ստացած, կուլտուրայի շավղի վրա դրված ինտելիգենտ աղջիկ էր. քիչ թե շատ հետաքրքրվում էր կամ գոնե սկսել էր հետաքրքրվել գրականությամբ, հասարակական խնդիրներով: Եվ հանկարծ այդպիսի մի աղջիկ կին էր դարձել մի պառավ, տգետ գինեվաճառի, որի ուշքն ու միտքն անշուշտ իր տռզած փորից և փողի սնդուկից դենը չի տարածվում։ Ի՜նչ զարհուրելի կենակցություն պիտի լիներ նորատի, կենսուրախ, թռվռուն մի աղջկա և կյանքի ամբողջ հմայքը կորցրած, բայց անշուշտ վավաշոտ մի ծերունու միջև։ Ինչի մասին պիտի խոսեին նրանք իրար հետ, ինչպե՞ս պիտի