Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/535

Այս էջը հաստատված է

Խո չէ՞ր կարելի ընդունել, թե Քալին այդ չէր հասկանում իր ձեռքը տգետ, պառավ գինեվաճառին տալիս։

Եթե անգամ նա չէր հասկանում, եթե չէին հասկանում նրա ծնողները, գոնե նրա բարձրագույն կրթության տեր էսկուլապ եղբայրը պիտի հասկանար և քրոջ սիրույն ետ կասեցներ ծնողներին իրենց կործանարար քայլից։ Կամ գուցե քաղքենության ծոցից ելած այդ համլսարանական ինտելիգենտի մեջ ևս հավիտենական մի անեծքով պինդ նստած էր քաղքենին՝ աչքը տնկած իր հարուստ փեսայի քսակին....

Ո՞վ գիտե։ Սրանք միայն ենթադրություննե՞ր ասեմ, թե տրամաբանական հետևություններ էին, որ անում էի ես կատարված փաստից։

Այժմ ես արհամարհում էի Քալիին էլ, նրա եղբորն էլ։ Նրանց ծնողների մասին խո էլ չեմ խոսում։ Եթե դեպի Քալին տածած նախկին սիրույս ավերակներից մի-մի բեկոր դեռևս մնացել էին սրտիս խորքում թաղված, երբեմն-երբեմն միայն մխալով, դրանք էլ միանգամից փշրվեցին, փոշի դարձան։

Բայց ինչպես երևում էր, հիասթափությունս միայն սրանով չպիտի վերջանար։ Ինձ վիճակված էր անձամբ ականատես լինելու բնական երևույթի տրամաբանական հետևությանը։

Ահա թե ինչպես։

11

Թիֆլիսում այդ ամառ ես իջել էի իմ մի լավ բարեկամի մոտ, Հավլաբարում։

Հավլաբարն ընդհանրապես Թիֆլիսի կեղտոտ քաղաքամասերից մեկն է, իսկ բարեկամս այդ քաղաքամասի ամենաետ ընկած ամենակեղտոտ փողոցներից մեկումն էր ապրում։ Հունիս ամիսն էր, եղանակը տոթ. երեկոյան դեմ նստած էինք դեպի փողոց նայող պատշգամբում, թեյ էինք անուշ անում և վայելում ամեն կողմից փչող գարշահոտությունը։ Ներքևը՝ կիսախարխուլ, տափակ կտուրով մի տան առջև, փողոցի համարյա թե մեջտեղում, զանազան