Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/539

Այս էջը հաստատված է

— Բավական է, էլ չշարունակես, էլ փիլիսոփայությունների պետք չկա։ Մի անգամից ասա՝ քնձռոտ վարժապետ էի և աղջիկը չտվին ինձ։ Թե չէ՝ էլ ի՛նչ քաղքենիություն ու մաղքենիություն, ի՛նչ ուսում ու մուսում։ Դրանք դատարկ խոսքեր են։ Քո պատմությունը,— շարունակեց բարեկամս այս անգամ լրջորեն,— ընդհանուր երևույթի հազարավոր վարիանտներից մեկն է, և այդ երևույթը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի մեր գիժ-Կեկելների սերունդը իրենց բարքերով և այն տեսարաններով, որոնցից մեկին մենք հանդիսատես եղանք այս երեկո...

Հետևյալ օրը ևս ականատես եղա մի ուրիշ երևույթի։

Առավոտյան ես ու բարեկամս դուրս եկանք, որ գնանք ես իմ, նա իր գործին։ Փողոցի ծայրին իմ ուշադրությունը գրավեց կանանց մի խումբ, որ հավաքված էր մի տան նեղլիկ բակում։ Երևում էր, որ նրանք այդ աղքատ թաղից չէին, որովհետև շատ լավ էին հագնված։

— Ո՞վքեր են, ինչո՞ւ են հավաքվել,— հարցրի բարեկամիս։

— Հերթի են սպասում։

— Ի՞նչ հերթի:

— Որ իմանան, թե իրենց հավը ո՛վ է գողացել. որ իմանան, թե գիշերը տեսած իրենց երազը ի բարի՞ն կկատարվի, թե ի չարը. որ իմանան, թե եթե չբերք են, ինչ պետք է անեն, որ բերքատու դառնան և ավելացնեն իրենց պես հիմարների թիվը կամ ընդհակառակն։

— Ուրեմն այստեղ գրբա՞ց է ապրում և սրանք...

— Ի՜նչ գրբաց, մի ֆենոմեն կին ասա, որ Սողոմոն իմաստունին ծարավ ջուրը կտանի ու կբերի, և աշխարհիս այն ո՞ր հռչակավոր գինեկոլոգ-պրոֆեսորն է, որ իր հմտությամբ կարողանա նրա պես բժշկել կանանց ամեն տեսակ հիվանդություններից — ժառանգական, թե ամուսնական, և Աբրահամի գոգն ուղարկել շատերին...

Այն, ինչ որ ասում էր բարեկամս իրեն հատուկ հեգնանքով, իհարկե նորություն չէր ինձ համար. նորությունը, և միանգամայն անսպասելի նորությունը,— գեթ սկզբի րոպեներին,— ահա թե ինչն էր։