Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/540

Այս էջը հաստատված է

Դեռ չէինք ծռվել մյուս փողոցը, որ այնտեղից դուրս եկան երեք կին և գալիս էին մեր կողմը։ Մեկը շատ պառավ էր երկուտակված մեջքով և հազիվ էր քայլում ձեռնափայտը ձեռքին։ Մյուսը միջին տարիքի կին էր, իսկ երրորդը՝ շատ ջահել, թխադեմ, ժպտուն, կրակոտ աչքերով։ Երեքն էլ հագնված էին վրացնակ, անխուսափելի չիխտի-կոպիով և թշերի վրա կախված կավիքներով։ Երևում էր, որ հարուստ ընտանիքից էին։ Ջահել կինը մի քիչ առաջ էր ընկել, միջին տարիքի կինը հետևում էր նրան, իսկ պառավը տնքտնքալով քարշ էր գալիս նրանց ետևից և անատամ բերանով ինչ-որ քրթմնջում։

Մոտներով անցնելիս հազիվ մի րոպե աչք գցեցի նրանց վրա, և դեռ մի քանի քայլ չհեռացած նրանցից, հանկարծ կանգ առա շանթահար ու ետ նայեցի։

— Հը՛, երազ խո չտեսա՞ր,— զարմացած հարցրեց բարեկամս։

Չպատասխանեցի։ Նայում էի կանանց ետևից աչքերս չորս շինած։

Երեք կանայք գնացին, մի րոպե կանգ առան այն տան բակի առջև, ուր հերթի էին սպասում գրբացի կլիենտները և ներս մտան։

— Հը՛, խոսիր է՛,— կանչեց բարեկամս անհամբեր։

— Խոսե՞մ, ի՞նչ խոսեմ,— ասացի ես,— զարմանքից, ապշությունից, անսպասելիությունից լեզու մնացե՞լ է բերանումս, որ խոսեմ։ Գիտե՞ս ով էր այն ջահել կինը։ Քալին էր, տանտիրոջս աղջիկը։

— Հա֊ա՞։ Սպասիր մեկ ձեռքս դնեմ կրծքիդ,— ասաց բարեկամս կոմիկական լրջությամբ և իսկապես ձեռքը դրեց կրծքիս։— Ոչինչ, լավ է տկտկում։

Ու ծիծաղեց։

— Եվ դեռ ասում էիր, թե վաղուց թաղել մոռացել էիր նրան։ Հը՞, բարեկամ, բռնվեցի՞ր։

— Սկզբում ախր չճանաչեցի նրան,— ասացի ես առանց ուշադրություն դարձնելու բարեկամիս սովորական ծաղրանքին,— որովհետև մեջտեղով վեց տարի է անցել և,