Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/543

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ։

— Բաս ինչո՞ւ ես եկել։

— Հենց այնպես։

— Ի՞նչպես թե հենց այնպես։

— Գիտեմ, որ ուշ ես պառկում, դրա համար եկա։

— Ինչո՞ւ, է՛։

Հարցիս պատասխանելու տեղ ծիծաղեց մեղմ, տարօրինակ ձայնով։ Առհասարակ ձայնից նկատում էի, որ չափազանց ուրախ տրամադրության մեջ էր, գիշերն այնքան մութ էր, որ դեմքի արտահայտությունը չէի տեսնում։

— Գիտե՞ս ժամը քանիսն է,— հարցրի։

— Счастливые часов не наблюдают,— վրա բերեց նա և նորից ծիծաղեց։

Չգիտեմ ինչու, հանկարծ ինձ թվաց, թե ցնորվել է, մանավանդ որ նրան ճանաչում էի առհասարակ իբրև տարօրինակ ուղեղի տեր երիտասարդի։ Եվ այդ կասկածն այնքան ազդեր ինձ վրա, որ մի րոպե մնացի կարկամած։

— Գնանք վերև, ես քեզ մի շատ կարևոր նորություն ունեմ հաղորդելու,— ասաց նա և, կամաց ետ մղելով ինձ, ներս մտավ։

Ինձ ուրիշ բան չէր մնում անելու, եթե ոչ առաջնորդել նրան իմ սենյակը։ Հետաքրքրությունս չափազանց լարվել էր։

Նստեց գրասեղանիս մոտ և նայում էր ինձ այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր, «Հապա իմացիր՝ ինչ նորություն պիտի հաղորդեմ»։

Իսկ ես զարմացած դիտում էի նրան։ Սյուրտուկով էր, որ գրեթե երբեք չէր գործածում, սպիտակ, շատ մաքուր ժիլետով, և բոլորովին նոր, թանկագին փողկապով։ Իսկ դեմքը նույն ֆիզիկապես առողջ, կլորիկ, լեցուն դեմքն էր, առանց, սակայն, առնական որևէ արտահայտության։ Միայն մշտաժպիտ աչքերը, որոնք նրա առասպելական թույլ կամքի և հեզահամբույր բնավորության արտահայտիչն էին, փայլում էին ինչ-որ անմիտ, անհուն իդիոտական երջանկությամբ։ Սակայն այդ աչքերը փոքր-ինչ շաղված էին, և