Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/557

Այս էջը հաստատված է

Գարեգինն առհասարակ սիրում էր վերացական դատողություններ և երբեմն շատ խելոք մտքերի հետ այնպիսի անհեթեթ բաներ էլ էր ասում, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Եվ ես սիրում էի նրա այդ դատողություններն իրենց պարզամտության համար։

3

Կառքը կանգ առավ մի նեղ ու մութ փողոցում, մի տան բակի բաց դռան առջև։ Այն միջոցին, երբ իջնում էինք կառքից, բակի դռան շեմքում կանգնած մի կին շտապով անհետացավ կիսախավար բակի մեջ։

Կառքը ճամփու դնելով, մտանք բակը և մի կողմի վրա թեքված ճռճռան սանդուղքով բարձրացանք մի շատ նեղ պատշգամբ, որ աղոտ կերպով լուսավորվում էր պատից կախած լապտերով։ Մի շարք պատուհանների առջևով, որոնց սպիտակ վարագույրների ետևից լույս էր երևում, Գարեգինն առաջնորդեց ինձ դեպի մի դուռ, որն և առանց նախապես ծեծելու բաց արեց ուղղակի, իբրև տանու մարդ, և հրավիրեց, որ մտնեմ։

Այն սենյակը, ուր մտանք, ըստ երևույթին, հյուրասենյակն էր։ Այդտեղ ոչ ոք չկար, բայց հին ձևի գահավորակի առջև, կլոր սեղանի վրա վառվող լամպը ցույց էր տալիս, որ մենք անսպասելի հյուրեր չէինք։

Գարեգինը անուշեղենի փաթեթը դրեց պատի երկայնքով զինվորների պես շարված աթոռներից մեկի վրա, վերարկուն ու գլխարկը հանեց դրեց հարևան աթոռի վրա, մեքենայաբար շտկեց մազերն ու փողկապը և հրավիրեց ինձ, որ հետևեմ իր օրինակին։

Սուսուփուս նստեցինք և սպասում էինք։

Սենյակի կահավորանքը ցույց էր տալիս, որ տանտերերն ունևոր մարդիկ չէին, բայց ըստ կարելույն աշխատում էին ծածկել իրենց չքավորությունը։ Բացի հին, շատ հին ձևի գահավորակից, որի կարմիր պաստառի խավը նստելու և մեջքը դեմ տալու տեղերում իջել, գորշ գույն էր ստացել, և նրա առջևը դրված բավական մեծ կլոր սեղանից, որի ծաղկանկար սփռոցի ծայրերը հազիվ էին ծածկում ներքևը