Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/559

Այս էջը հաստատված է

որը ավելի փոքր ու ցածր էր, քան այն, որտեղով մտանք։

— Գուցե չեն իմանում, որ եկել ենք,— ասացի:

— Սը՜սսս,— շշնջաց Գարեգինը, ձեռքը շրթունքներին դնելով և, աչքերը չռած, ականջները խլշեց։

Հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի ձայներ լսվեցին, հետո հանկարծ — կանացի մի ջղային ծղրտոց, և ապա ամեն ինչ լռեց առաջվա պես։

Գարեգինը, գույնը նետած, վեր կացավ և կանգնած տեղը քարացավ, ականջը դեպի հարևան սենյակի դուռը լարած։

— Այս ի՞նչ էր,— հարցրի զարմացած։

— Այս նրա ձայնն էր,— շշնջաց Գարեգինը մեքենայաբար:

— Ո՞ւմ հետ էր։

— Երևի մոր հետ։

Կարճ ժամանակ մնաց նույն քարացած դրության մեջ, հետո կամաց նստեց և դարձավ ինձ խորհրդավոր շշունջով.

— Գիտե՞ս, ես նկատել եմ, որ մոր հետ չունի...

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ։

— Լավ, ժամանա՞կ էին գտել կռվելու,— հարցրի կարճ լռությունից հետո։

Գարեգինը չպատասխանեց։

Դարձյալ սուս արինք և դարձյալ սպասում էինք, այս անգամ շատ անախորժ դրության մեջ, և Գարեգինը — առավել քան ես։

Վերջապես հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ վրացնակ հագնված մի գիրուկ, ցածրահասակ կին՝ դեռևս բավական ջահել և սիրունատես։

Գարեգինը շտապեց ընդառաջել նրան, համբուրեց նրա ձեռքը և մեզ ներկայացրեց իրար։

Դա հարսնացուի մայրն էր։

Շրթունքները կուչ ու հուպ ածած՝ նա անվստահորեն դարձավ ինձ և կես Թիֆլիսի բարբառով, կես գրական լեզվով ներողություն խնդրեց, որ այսքան սպասեցրեց։ Ու սկսեց մի ինչ-որ պատմություն, թե իր քրոջ երեխան հանկարծ վատ էր դառել, թե եկել կանչել էին իրեն, թե երեխան հիմա, փառք աստծո, լավ է, և ինքը հենց նոր է վերադառնում