Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/561

Այս էջը հաստատված է

դեմքին մի տեսակ խստաբարո արտահայտություն էր տալիս։ Չեմ կարող ասել, թե իմ ստացած առաջին տպավորությունը նպաստավոր էր նրա համար, գլխավորապես նրա այդ անբարեհամբույր հայացքի պատճառով, թեև իմ առջև տեսա մի ուրույն գեղեցկուհի, որն իր արտաքինով կարող էր հրապուրել բարեկամիցս շատ ավելի նուրբ ճաշակ ունեցող մարդկանց։

Սառան մտավ ջղային արագ քայլվածքով, կարծես հուսահատական վճռականության մի ուժգին մղումով, և մտնելիս գլխի մի շարժումով դեպի մեջքը գցեց ուսի վրա ընկած մի հատիկ հաստ գիսակը, որը ամենևին չէր սազում նրա ոչ օրիորդական արտաքինին։ Երևում էր, որ նա տնային սովորական հագուստով էր— շատ պարզ, բայց ճաշակով կարված և շատ մաքուր։ Թե՛ այդ և թե՛ այն հանգամանքը, որ մազերը չէր շինել, ենթադրել էր տալիս, թե բնավ չէր նախապատրաստվել մեզ ընդունելու կամ կարևորություն չէր տվել մեր այցելությանը։ Եվ մի րոպե ինձ թվաց, թե դրանով պիտի բացատրվեր նրա և մոր միջև տեղի ունեցած կռիվը հարևան սենյակում։

Նրա մտնելուն պես Գարեգինը վեր թռավ տեղից, վազեց դեպի նա, ուզեց ձեռքն առնել, բայց որովհետև Սառան ուշադրություն չդարձրեց նրա վրա և իր հայացքն իեձ էր ուղղել, ձեռքը ետ քաշեց և շշնջաց.

— Այս... մեր խաչեղբայրն է։

Ես շտապեցի առաջ և ներկայացա։ Սառան ոչ մի խոսք չարտասանեց, միայն գլխով մի թեթև շարժում գործեց և սեղմեց ձեռքս, շարունակ նայելով աչքերիս «պինդ-պինդ», ինչպես ասում էր Գարեգինը։ Այնուհետև պաշտոնական չոր ու ցամաք ձայնով խնդրեց, որ նստեմ, և, շարունակելով ոչ մի ուշադրություն չդարձնել փեսացուի վրա, նստեց մեկուսի, շիփ-շիտակ, գլուխը բարձր ու հպարտ, և հայացքը, համարձակ ու թափանցող, չէր հեռացնում ինձնից, որով կարծեմ ասում էր. «Դուք եկել եք ինձ տեսնելո՞ւ և դիտելո՞ւ։ Համեցեք։ Ինչքան ուզում եք նայեցեք և դիտեցեք, ես ձեզնից ոչ վախենում եմ, ոչ էլ ձեր կարծիքին որևէ նշանակություն տալիս. ես ձեզ ամենքիդ էլ արհամարհում եմ և