Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/564

Այս էջը հաստատված է

— Ուրեմն քո՞նն է,— հարցրեց Գարեգինը և, վեր կենալով գնաց նստեց նրա մոտ։

Այդ եզակի դիմումը, ըստ երևույթին, բավականին անհաճո թվաց Սառային։ Նա հոնքերը կիտեց և, թերթերունքների տակից նայելով դեպի ցած, պատասխանեց ոչ իսկույն.

— Այո։

— Իսկ դու կարդացե՞լ ես,— հարցրեց Գարեգինը, ըստ երևույթին, ուրախացած, որ առիթ ունի զրույց անելու հարսնացուի հետ, և ամենևին չնկատելով, որ այդ հարցուփորձը և մանավանդ իր մերձավորությունը անախորժություն է պատճառում նրան, ինչպես ես էի եզրակացնում Սառայի դեմքի արտահայտությունից։

Սառան հանկարծ վեր կացավ և արագ քայլերով դիմեց դեպի ինձ.

— Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ։

Ու նախքան ես Ժյուլ Սիմոնը կմեկնեի, նա գիրքն առավ ձեռքիցս այնպիսի մի ձևով, որ ինձ թվաց թե խլեց, և տարավ գցեց պատի մոտ, հայելու տակ դրված սեղանի վրա։ Զսպած ներքին զայրույթից նրա դեմքին թեթև շառագույն էր պատել, աչքերը չար արտահայտություն էին ստացել։

Հարսնացուի այդ,— կոպիտ որ չասեմ,— խիստ տարօրինակ վարմունքը շատ կոտրեց խեղճ փեսացուի սիրտը։ Սկզբում Գարեգինը տեղն ու տեղը սառեց, հետո, երբ Սառան վերադարձավ և հոնքերը կիտած նստեց իր տեղը, նա մինչև անգամ վախկոտությամբ իր աթոռը մի քիչ հեռու քաշեց։

— Դու վիրավորվեցի՞ր,— հարցրեց վարանքով։

— Ես առհասարակ չեմ սիրում, որ ինձ հարցաքննում են,— պատասխանեց Սառան խստորեն, առանց նրան նայելու։

— Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի,— թոթովեց խեղճ բարեկամս։

Դուք (Սառան առանձնապես շեշտեց այդ «դուքը») այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի։

Գարեգինը բոլորովին կուչ եկավ։