Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/566

Այս էջը հաստատված է

միջից, մերթ վերևից և մերթ տակից, որի ժամանակ շատ զվարճալի կերպով բարձր ու ցածր էր անում գլուխն ու հոնքերը։ Օղերը դիտելուց հետո բաց արեց անուշեղենի արկղիկը և դարձավ Գարեգինին.

— Այս ո՞վ է սովորեցրել քեզ, թե նշանածի համար պետք է այսպիսի բաներ բերել։ Իսկ ես կարծում էի, թե գառան պես միամիտ ես։ Ախ դու ժուլիկ, ժուլիկ։

Ու մի ձեռքը դնելով Գարեգինի կրծքին, մյուսը մեջքին, խտղտեց նրան խնդալով։

Բայց Գարեգինի շփոթմունքը դեռ չէր անցել. վերին աստիճանի խղճալի դրության մեջ, նստած տեղում մնացել էր կաշկանդված։ Աներոջ հայրական բարեսիրտ խոսքերին պատասխանելու համար, ըստ երևույթին, ուզեց մի բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել, միայն դեմքի վրա լացախառն մի ժպիտ երևաց։

Բաղիրյանը կարծես նոր նկատեց, որ ինչ-որ բան է պատահել նրան, մի կարճ ժամանակ նայեց նրա աչքերին քննական հայացքով ուղղակի ակնոցի միջից, հետո նստեց նրա մոտ և հարցրեց լուրջ դեմք առած.

— Ի՞նչ է պատահել։ Նեղացրե՞լ են քեզ։

Լացախառն ժպիտը ծամածռեց Գարեգինի դեմքը, և նա պատասխանեց ոչ իսկույն.

— Ոչ։ Ես նեղացրի։

Բաղիրյանը գլուխը վեր ձգեց և նայեց ակնոցի միջից։

— Ո՞ւմ։

— Սառային։

Բաղիրյանը գլուխը ցածրացրեց և նայեց ակնոցի վերևից։

— Ի՞նչպես։

— Չգիտեմ,— կմկմաց Գաբեգինը պատժված երեխայի պես աչքերը վայր թողած։— Կարծեց, թե ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ այդպիսի միտք ամենևին չեմ ունեցել։ Ներողություն խնդրեցի... չներեց և..․ դուրս գնաց։

Ու ողորմելին քիչ մնաց լաց լինի։ «Վա՛յ խեղճ մեծ երեխա»,— արտասանեցի մտքումս ակամա ժպտալով։

— Ա՞յդ միայն,— հարցրեց Բաղիրյանը։

— Հետո... նեղացավ, որ դու-ով էի խոսում հետը։