Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/567

Այս էջը հաստատված է

Բաղիրյանը հանկարծ այնպես պինդ ծիծաղեց, որ ակնոցն ընկավ քթից և կախ ընկավ վզովն անցկացրած ղայթանից։

- Վա՛յ, վայ,- բացականչեց նա,- տեսա՞ք ինչ է պատահել․ էդ հո ամեն բան քանդվե՜ց, կարծանվե՜ց, վերջացա՜վ, պրծա՜վ, գնա՜ց, մո՜ւթ, խավա՜ր, տարտարո՜ս․․․ Հիմի ի՞նչ անենք։

Ու սկսեց նայել մերթ ինձ, մերթ Գարեգինին այնպիսի մի կոմիկական տարակուսանքով, որ ծիծաղս չկարողացա զսպել։

Բայց որովհետև Գարեգինը, ըստ երևույթին, տրամադրություն չուներ ոչ ծիծաղելու և ոչ նույնիսկ ժպտալու, Բաղիրյանը հանկարծ լուրջ դեմք առավ, ղայթանից կախ ընկած ակնոցը ժիլետի գրպանը կոխեց, մի ձեռքով կես գրկեց փեսացուին և սկսեց մխիթարել։

— Բան չկա, բալիկս, բան չկա, սիրտդ մի կոտրի։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնես, ուր կերթա, հա՜։ Դուք դեռ չեք ճանաչել իրար։ Երեկ մեկ, էսօր երկու։ Քանի՛ գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը իրար արևով կերդվեք։ Ճիշտ է, թաքցնելու ի՞նչ կա, նա մի քիչ ուրիշ տեսակ աղջիկ է, ջղային է, բայց դու նրա լեզվին մի նայիր, սիրտն ուղղակի աղավնու սիրտ է։ Լուցկու պես ձեռաց կվառվի և իսկույն էլ կհանգչի։ Այդպես է նրա գրգռմունքը։ Այ շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին, և կտեսնես՝ ճիշտ եմ ասո՞ւմ, թե ոչ։

Նկատեցի, որ Գարեգինն աներոջ այդ պերճախոսությունից բավականին հանգստացավ և սկսեց ժպտալ գուրգուրված երեխայի պես։

— Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց,— գանգատվեց նա։

— Այս հրաշալի օղերի՞ն։ Հըմ, բաս դու իսկապես որ շատ միամիտ մարդ ես եղել և ամենևին չես ճանաչում կանանց։ Ասա, խնդրեմ, ի՞նչպես կարող է կին արարածը այսպիսի բաների վրա ուշադրություն չդարձնել։ Հը՞, պարոն