Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/569

Այս էջը հաստատված է

թվաց, թե ամենից ավելի նա պետք է ճնշվեր այդ լռությունից, քանի որ պատճառն ինքն էր, և ամենքի հայացքը նրան էր ուղղված, բայց ընդհակառակն, շատ հանգիստ էր երևում։ Երբ մոտեցավ հորը, Բաղիրյանը, բարեսիրտ-հեգնական ժպիտով ներքևից նայելով նրա վայր թողած աչքերին, նկատեց.

— Ինչո՞ւ ես նեղացրել մեր այս սիրելի պարոնին։

Սառան ոչինչ չպատասխանեց։

— Ինձ նայիր։

Սառան, մի չարագուշակ հանգստությամբ աչքերը միշտ վայր թողած, կանգնած էր հոր առջև և, մատուցարանը ձեռքին, սպասում էր, որ նա վերցնի իր բաժակը։

— Քեզ հետ չե՞մ։ Ինձ նայիր,— կրկնեց հայրը։

Սառան դարձյալ կանգնած էր լուռ և արձանացած։ Նկատեցի, որ մատուցարանը սկսեց թեթևակի դողալ նրա ձեռքին։

— Տե՜ս, ինչ սիրուն բան է բերել քեզ համար,— ասաց հայրը և օղերի տուփը վերցնելով՝ ուզեց կամացուկ խփել նրա կզակին։

Բայց Սառան ջղային հանկարծական մի ցնցումով գլուխը հետ գցեց, մատուցարանը պահեց մի ձեռքում, մյուսով վերցրեց վերջին բաժակը, դրեց հոր առաջ և դիմեց դեպի դուռը։ Նրա դեմքն այնպիսի մի զսպված զայրույթ էր արտահայտում, որ ես ուղղակի սարսափով սպասում էի, թե ահա՛, որտեղ-որ է, մի սկանդալ կհանի։

— Դե, այդ արդեն բանի նման չէ,— կես-կատակով, կես-լրջորեն կանչեց նրա ետևից հայրը։— Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։

Սառան հանկարծ կանգ առավ դռան մոտ, մի շատ սուր հայացք նետեց հոր վրա և նկատեց չափազանց լրջորեն.

— Հայրիկ, ճշմարիտ, ես չեմ հասկանում, թե այդ ինչ վարմունք է։ Երեխա՞ եմ, ինչ է, որ...

Նա չվերջացրեց խոսքը, դարձավ և դուրս գնաց, դուռը շրխկացնելով իր ետևից։

— Քա՛,— արտասանեց Բաղիրյանի կինն ամոթահար և ձեռքը բռունցք շինած՝ դրեց շրթունքին ի նշան ապշության։