Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/577

Այս էջը հաստատված է

է,— ասացի։ «Բաս շունը ոտներ չի ունենա՞» ասաց։ — Նկարիր ու կունենա է՛լի,— ասացի ծիծաղելով։ Գծագրածի վրա հանկարծ խաչ քաշեց բազմապատկության նշանի ձևով ու ասաց․ «Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ»։

— Ի՞նչ։

— Ատրճանակ։

Չգիտեմ ինչու, այդ բանն ինձ ավելի հետաքրքրեց։

— Լավ, ինչո՞ւ անպատճառ ատրճանակ էր գծագրել։

— Ես ի՛նչ գիտեմ,— եղավ նորից Գարեգինի կարճ, անփույթ պատասխանը։

— Չբացատրե՞ց։

— Չէ։ Միայն հարցրեց. «Մարդ կարո՞ղ ես սպանել»։

— Ի՞նչպես թե մարդ... ինչե՜ր ես պատմում,— բացականչեցի ես պարզապես ապշած։

— Ես բառացի պատմում եմ այն, ինչ որ խոսել ենք։ Աստված է վկա,— երդվեց Գարեգինն իր սովորական պարզամտությամբ։

— Հետո ի՞նչ պատասխանեցիր։

— Ի՞նչ կարող էի պատասխանել։ Զարմացա։ Ես երևակայել անգամ չեմ կարող, ասացի, թե ինչպես կարելի է մարդ սպանել։ Զինվորական ծառայությունը թողի, ինչո՞ւ համար,— որովհետև տեսա, որ ինձ օրը-օրին չարչարում են մի նպատակով միայն, մի սարսափելի նպատաակով,— որ սովորեցնեն մարդ սպանելու արհեստը, այնինչ ես դեռ երեխա էի. փախչում էի, երբ իմ առջև հավ էին մորթում։ «Ուրեմն դու վախկոտ ես»,— ասաց։— Անձնազոհությունը, կարծեմ, ավելի մեծ քաջություն է,— ասացի,— իսկ ես պատրաստ եմ ինձ կրակը նետել՝ ուրիշի կյանքը փրկելու համար, բայց ուրիշին կյանքից զրկել — այդ ոչ թե քաջություն է, այլ պարզապես հրեշություն։ «Բայց չէ՞ որ,— ասաց,— ամեն մի սպանություն, խոսքս սովորական ավազակության մասին չէ, իհարկե,— իր զորավոր դրդապատճառն է ունենում»։— Ոչ մի պատճառ,— ասացի,— որքան էլ որ զորավոր լինի, չի կարող արդարացնել մարդասպանությունը, որովհետև մարդ էակը չէ՞ որ այդ ես եմ, այդ դու ես, այդ այս կենսաբուխ արյունն է, որ եռում է մեր երակների մեջ, այդ այս հրաշալի աշխարհն է, ուր մահից հետո