Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/578

Այս էջը հաստատված է

դարձ չկա այլևս, այդ այս պայծառ արևն է, որի տակ վերջին մրջյունն անգամ իրավունք ունի ապրելու, և մարդ սպանել — կնշանակի արևը հանգցնել։ Ոգևորվել էի և, ճիշտն ասած, լավ էի խոսում, մանավանդ որ լսում էր մեծ ուշադրությամբ և աչքերը աչքերիցս չէր հեռացնում։ Գարեգինը պատմում էր այնքան կենդանի կերպով, որ ինձ թվում էր, թե ինքս ներկա էի նրանց տարօրինակ խոսակցությանը Մուշտայիդի այգում։

— Լսիր,— ասացի,— չգիտեմ, այդ մասին մտածե՞լ ես թե ոչ, բայց դու շատ խորհրդավոր բաներ պատմեցիր։

— Ի՞նչ խորհրդավոր բաներ,— հարցրեց Գարեգինը զարմացած, որից եզրակացրի, որ բնավ չէր մտածել այդ մասին։

— Խորհրդավոր չթվացի՞ն քեզ նախ նրա այն խոսքերը, թե կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից այնպես, ինչպես տղամարդը կլուծի, հետո այն, որ նա դեռ ատրճանակ նկարեց, հետո հարցրեց մարդ կարո՞ղ ես սպանել։

Գարեգինը ծիծաղեց։

— Զարմանալի կասկածամիտ մարդ ես,— ասաց,— ամեն մի չնչին բանում ինչ-որ խորհրդավորություն ես նկատում։ Ամեն մի խոսակցության Ժամանակ մարդ կարող է հազար ու մի միտք հայտնել հենց այնպես, առանց որևէ հետին իմաստի։ Ատրճանակն էլ․․․ դե ձեռքի պատահական մի շարժում էր, փոխանակ շուն կամ կատու գծվելու, ատրճանակի նման մի բան դուրս եկավ, ու այդտեղից էլ, բնականաբար, բացվեց սպանության մասին եղած խոսակցությունը։ Այստեղ ի՞նչ խորհրդավոր բան կարող է լինել։ Ինչպես տեսնում եմ, դու շատ լավ պրոկուրոր կլինես,— ավելացրեց նա նորից ծիծաղելով։

Թեև ինձ համար բնավ պարզ չէր այդ բացատրությունը, նկատի ունենալով Սառայի տարօրինակությունները, բայց և այնպես խոհեմություն համարեցի չշարունակել այդ խոսակցությունը, չուզելով այդ միամիտ երիտասարդի սիրտը թունավորել այն անորոշ կասկածով, որ նրա խորհրդավոր պատմությունը հարուցել էր իմ մեջ։ Այնուամենայնիվ, քիչ