Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/581

Այս էջը հաստատված է

հարսնացուի վրա նայում էր մի տեսակ գողունի հիասքանչումով։ Ըստ երևույթին, Սառայի այդ գիշերվա հեզությունը և մանավանդ գեղեցկությունը նրա համար էլ անսպասելի մի նորություն էր, և նա ճնշվում էր այն գիտակցության տակ, որ այդ գեղեցկուհին իրենն էր վերջնականապես, իր սեփականը, վախենալով միաժամանակ, թե մի գուցե դա, իսկապես, ինչպես ինքն էր ասում, մի ցնորք, մի տեսիլք լիներ ու հանկարծ չքանար։ Ու ինձ թվում էր, թե իր հոգու խորքում իրեն արժանի չէր համարում այդ բախտավորությանը։

Հարսանիքը շատ համեստ էր, որովհետև Սառան այդպես էր կամեցել։ Հյուրերի թվում ներկա էին նորահարսի ամենամերձավոր ազգականները, նրա ընկերուհիներից մի երկուսը, վերջինների թվում Ժյուլ Սիմոնը կարդացող ընկերուհին — մի շատ համարձակ և շատախոս աղջիկ, որը տեղի-անտեղի սրախոսում էր և բարձրաձայն ծիծաղում. իսկ փեսացուի կողմից հրավիրված էին նրա մի երկու ազգական կանայք և մի քանի պաշտոնակիցներ, այնպես որ բոլորս միասին առած՝ հազիվ մի տասը-քսան հոգի լինեինք։

-------------

Պսակից մի երկու շաբաթ հետո ավելի շուտ հետաքրքրությունից, քան քաղաքավարական մի պարտք կատարելու համար, այցելեցի նորապսակ զույգին (դրանից մի օր առաջ նրանք այցելել էին ինձ, բայց, դժբախտաբար, ես տանը չէի եղել)։

Գարեգինը թողել էր իր հայրական մռայլ տունը, ուր ապրում էր ամուսնանալուց առաջ, և վարձել էր քաղաքի ամենալավ և խաղաղ թաղերից մեկում մի շատ սիրուն բնակարան մի մեծ տան վերին հարկում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա և դեպի լեռնային հորիզոնները։

Աղախինը նոր էր առաջնորդել ինձ դեպի ընդունարան, որ դրսից, երկաթե պատշգամբից, ներս վազեց Գարեգինը, չափազանց ուրախ ու կայտառ, գրկեց, համբուրեց ինձ և ձեռքիցս բռնած, անմիջապես տարավ դեպի պատշգամբը, ուր իմ գալուց առաջ նստած էր իր նորատի կնոջ հետ և երեկոյան թեյն էր վայելում։