Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/586

Այս էջը հաստատված է

Գարեգինը պսակվելու օրից թողել է պաշտոնը և հայտնի չէ ուր է գնացել։ Գնացի Սառայի հորանց տուն, որ նրանցից տեղեկանամ, թե ո՛ւր է չքացել նորապսակ զույգը և ե՛րբ կվերադառնան, բայց այնտեղ էլ այն միայն իմացա հարևաններից, որ Բաղիրյանը տնով-տեղով քոչել է Բաթում, պաշտոնով փոխադրվելով այնտեղի մաքսատուն։

Վերջ ի վերջո ստիպված եղա դադարեցնել որոնումներս և նույնիսկ գրեթե մոռացել էի բարեկամներիս, երբ բախտը նորից դեմ-հանդիման բերեց մեզ իրար, բայց այս անգամ այնքան անակնունելի, այնքան տարապայման պարագաներում, որ այն, ինչ որ պատահեց, մինչև օրս էլ մղձավանջային մի ծանր երազ է թվում ինձ։

Սակայն առաջ չվազեմ և դեպքերը պատմեմ իրենց հաջորդականությամբ։