Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/587

Այս էջը հաստատված է
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
1

Նոյեմբերի մի ցուրտ գիշեր, երբ, երեկոյան պաշտոնական աշխատանքս վերաջացնելուց հետո, վերադարձա տուն և մտա ննջարանս՝ գրական գործովս պարապելու (ննջարանս միշտ տաք էր, որի պատճառով այդտեղ էի փոխադրել գրասեղանս), ակամա կանգ առա զարմացած։ Գրասեղանիս վրա վառվում էր լամպը։ Մահճակալիս վրա երեսնիվեր պառկած էր մեկը և խռմփալով քնած էր։ Վերմակը, ինչպես երևում էր, սկզբում ծածկել էր, բայց հետո, քնի մեջ, պատի կողմն էր գցել։ Աջ ձեռքը կախ էր ընկել, մահճակալից ներքև։ Ժիլետի կոճակները բաց էին, և տակից երևում էր սատինի կապույտ վերնաշապիկը, որի օձիքը կապվում էր կողքից։ Բաճկոնը, մաշված աստառով, կախված էր մահճակալի գլխից։ Գլխարկը, ուսանողական կապույտ երիզով, ընկած էր բաճկոնի տակ հատակի վրա։ Ճամփորդական երկարաճիտ կոշիկներից մեկը հագին էր, մյուսը երկարումեկ պառկած էր մահճակալի առջև։ Աթոռի վրա ընկած էր ձմեռվա վերարկուն մազի օձիքով և մաշված աստառով, որի տակից տեղ-տեղ սպիտակին էր տալիս բամբակը։ Սենյակի անկյունում դրված էր մի ահագին ճամպրուկ՝ թոկով կապկպած, ջարդված ու ճխլված։

Զարմանքը տիրել էր ինձ։ Մոտեցա, որ լավ դիտեմ, թե ով կարող էր լինել այդ անկոչ հյուրը, որ այդպես ազատ-համարձակ եկել տեղավորվել էր սենյակումս։ Կարճ խուզած, բայց շատ խիտ և շատ սև ու փայլուն մազերով, ժամանակին չսափրած լիքը դեմքով և առատամազ հոնքերով,