Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Այս էջը հաստատված է

չունեմ, որ հիվանդանոցումը տամ, Թելեթ ո՞նց գնանք։ Էլի քիչ-քիչ մի էրկու թուման հերիք չի։

— Ի՜, Սաքուլ ջան, ըտենց մի ասի, խաչը կնեղանա։ Էրկու թումանն ի՞նչ ա, որ չես կարա միկից ճարի։ Կգնաս, աստծու օղորմութենով կլավանաս, կգաս կբանես, սլարտքդ էրկու շաբթումը կտաս։

Սաքուլը երկար ժամանակ չէր համաձայնում նոր պարտք անելու, քանի որ արդեն բավական հին պարտքեր ուներ վճարելու։ Բացի դրանից, նրա վիճակը տեսնելով, ո՞վ էր գժվել պարտք տալու նրան։

— Տունդ գրավ դի, գլուխը քարը, տունը ջանիցդ խո լավ չի՞,— ասաց Նատոն։

— Դու էլ բան ասացիր,— նկատեց Սաքուլը ջղայնացած։

— Բալքի չլավացա, մեռա, ընչո՞վ եք թափելու։ Հաց շատ կճարեք, ա՛յ, ուտելու, որ տան քրեհ էլ քաշեք։ Էս մի քնձռոտ տունն ա էլի՛, թողեք էս էլ ա մնա ձեզ, որ քուչումը չմնաք։

— Էհ, ընչե՞ր ես ասում, Սաքուլ ջան, որդի ջան,— բացականչեց պառավը մեղմ կշտամբանքով։— Էդ ի՞նչ ասելու բաներ են, որ ասում ես։ Մի քիչ էլ մեզ խեղճ արի, է՛, սիրտներս կրակ ես գցում, փթոթում։

Եվ պառավի բարի վշտահար աչքերը թաց եղան։

— Դա ըսկի աստված ունի՞ որ,— բեկբեկ ձայնով արտասանեց Նատոն և գլխի աղլուխի ծայրը սեղմեց աչքերին։

Մի րոպե սենյակում ճնշող լռություն տիրեց։ Լռել էր նույնիսկ փոքրիկ աղջիկը և, տիկնիկը գոգին դրած, երեխայական հետաքրքրությամբ նայում էր տատին, մորը, հորը...

— Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածն ըլի,— վերջապես համաձայնեց Սաքուլը, որ ինքն ևս զգացել էր իր վերջին խոսքերի ծանրությունը։

* * *

Երեկոյան դեմ նա գնաց իրեն լավ ծանոթ մի կապալառուի մոտ, որն ամբողջ քաղաքի հյուսների, որմնադիրների և մշակների շրջանում հայտնի էր Սերգեյ Ստեփանիչ կամ պարզապես աղա Սերգո անունով։