Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/593

Այս էջը հաստատված է

ասաց, տեսնելով, որ ես սուսուփուս նստած դիտում եմ իրեն։

— Ի՞նչ։

— Մտածում ես. «էս հարամզադեն համ ի՛մ հյուրն է, համ էլ ինքն է բաներ պահանջում, որ զահրումար անի»։ Չէ՞։

Ծիծաղեցի։

— Տեսնում ես, չսխալվեցի,— վրա բերեց Թուսյանը լուրջ։— Ինչ ուզում ես՝ ասա, անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պիտի դասել անշուշտ մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում — ջիբս դիր, մյուս կողմից, անուշ արա — քթովդ դուրս գա։ Կեղծիք է, չէ՞։ Իսկ կեղծիքն ինձնից ավելի կատաղի թշնամի չի կարող ունենալ։ Մի բան, որով կարող եմ պարծենալ, այդ այն է, որ ոչ ոքից և ոչ մի բանից չեմ քաշվում, որովհետև քաղաքավարությունը, համեստությունը, ամոթը և այլ նման, այսպես կոչված, առաքինությունները քողարկված կեղծավորություն եմ համարում, որ մարդիկ հնարել են իրենց վատ ներքինը ծածկելու համար, ինչպես աղբակույտը ծածկես թավշյա ծածկոցով։ Տկլոր երեխան գլխիգլոր է գալիս, ցուցահանելով իր բոլոր հրաշալիքներն առանց ամաչելու։ Ինչո՞ւ։ Որովհետև,— կասեիր դու,— նրա մեջ դեռ չի զարթել ամոթի զգացումը։ Իսկ ես կասեմ՝ որովհետև նրա հոգին դեռևս չի ապականվել։ Ապականված հոգին է միայն, որ ամոթ է զգում։

— Դու այդ աֆորիզմները ո՞րտեղից ես վերցրել,— նկատեցի ես ժպտալով։

Մի ձեռքով գինու բաժակը մոտեցնելով շրթունքներին, մյուսով մատնանշեց իր ճակատը, ասել ուզելով, թե իր սեփական գլխից։

— Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան,— ասաց բաժակը դատարկելուց հետո մի կտոր հաց ու պանիր գցելով բերանը,— երբեմն լավ է, որ մարդ զոռ է տալիս խելքին, շատ անգամ այնպիսի բաներ է գտնում այս անտերի մեջ, որ զարմանալի։ Հետո, դու նկատե՞լ ես, որ մարդիկ խմելիս միշտ փիլիսոփա են դառնում։ Ես թեև շատ էլ չեմ սիրում փիլիսոփայությունն