Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/597

Այս էջը հաստատված է

քան թե այսօր, ավելի ապագան, քան թե ներկա րոպեն,— ահա՛ Էպիկուրի վարդապետության իսկական իմաստը, այսինքն քո դավանանքի ճիշտ հակառակը։

— Հե՛րն անիծեմ,— բացականչեց Թուսյանը,— կարծում ես՝ կվիճե՞մ։ Չեմ վիճի։ Բայց և այնպես թույլ տուր ասե՛մ, որ ես չհավանեցի և չեմ կարող հավանել քո Էպիկուրին, որովհետև որտեղ խոսք կա ժուժկալության, պահեցողության և ինքնազսպողության մասին, այնտեղ մղդսիության հոտ է փչում, իսկ մղդսին ու մղդսիությունն ինձնից ավելի մեծ թշնամի չեն կարող ունենալ։ Ուրեմն, չնեղանաս, Մարգարյան, չնայելով բոլոր պերճախոս բացատրություններիդ և հերքումներիդ, ես մնում եմ դարձյալ իմ Էպիկուրի հետ և նորից խմում եմ նրա ողորմաթասը։

Արդեն արբած էր, բայց շարունակում էր խմել, ըստ երևույթին, ոչ թե նրա համար, որ ուզում էր, այլ որովհետև, ինչպես ասաց, սովորություն էր դարձրել։ Խմում էր ու ծխում, ծխում էր ու խմում և ոչ մի րոպե դադար չէր տալիս լեզվին։ Համբերությամբ սպասեցի, մինչև որ մի շիշն էլ դատարկեց, հետո պատվիրեց, որ վճարեմ, և, վերջապես դուրս եկանք ճաշարանից։

— Հիմա գիտե՞ս ինչ, Մարգարյան,— ասաց թևս առնելով և ոտներն ու լեզուն մի քիչ շաղելով։— Ես ախր սովոր եմ լուսացնելու, բայց դու, ինչպես տեսնում եմ, պուրիտանական բնավորության տեր մարդ ես։ Եթե այդպես չլիներ, կառաջարկեի, որ այսքան ուտել-խմելուց հետո մի, այսպես ասած, էքսկուրսիա կատարեինք դեպի․․․

Ես թույլ չտվի, որ խոսքը վերջացնի, և հանգիստ, բայց լուրջ ու կտրուկ եղանակով ասացի, որ մենք էքսկուրսիա ենք կատարում դեպի տուն, ուր նա այնքան ուտել-խմելուց հետո հանգիստ կպառկի կքնի։

Տանը անկողին պատրաստեցի ընդունարանումս։ Բայց նա դեռ երկար ժամանակ ինձ հանգիստ չտվեց իր արբածի անվերջ շատախոսությամբ։