Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/599

Այս էջը հաստատված է

ադամանդ։ Կարճ խուզած չափազանց սև ու փայլուն մազերը բաժանված էին կողքից անգլիական ձևով, իսկ մաքուր սափրած մսեղ երեսի կաշին պլպլում էր սոխի կճեպի պես։ Ուսանողական խունացած գլխարկի տեղ ծածկել էր մոխրագույն մորթե գլխարկ՝ մեջտեղից ծալված, բայց վերարկուն նույնն էր։

Իսկույն նկատեցի, որ խմած է։

— Ամենից առաջ հարցնեմ,— ասաց, վերարկուն հանելով,— հեռագրիս պատասխանը չկա՞։

Վերցրի տվի պատասխանը, որ ստացվել էր դեռևս նախորդ օրը։

Բաց արեց, լուռ կարդաց և հանգիստ գցեց գրասեղանի վրա։

— Աչքդ լույս,— ասաց,— հայրս այլևս միտք չունի մեռնելու, հետևապես կարիք չկա շտապելու, իսկ փողը աստված կտա։ Իր գավառական խելքով մտածել է — հալա հո բերել եմ Թիֆլիս, այնտեղից երևի մի քանի մանեթ կճարի կգա, ու, որ եկավ, ոտները կկապեմ վեր կգցեմ խանութումս, որ վաշխառուական դավթարներս պահի։ Գիտե՞ս քանի տոկոս է առնում և քանի քյասիբի է աղի արցունքով ճամփու դրել... Ես ինքս, ազնիվ խոսք եմ ասում, գրեցի լրագրում, իհարկե, կեղծ ստորագրությամբ: Շատ դես ընկավ, շատ դեն ընկավ, որ գտնի թղթակցին, բայց որտե՞ղ։ Տիպ եմ ասում է՜: Հայրս է, բայց աստված հեռու պահի ամեն մի որդու այդպիսի հայրերից։ Ես ինքս էլ, իհարկե, մի բարի պտուղ չեմ, բայց փողի համար այդպես հոգի տալ — այդ ես ուղղակի չեմ հասկանում։ Գիտե՞ս որքան էր նրա ուղարկած փողն ինձ Պետերբուրգ․— երեսուն ռուբլի կամ երեսուն անգամ հարյուր կոպեկ։ Դե արի Պետերբուրգի պես մի տեղում ապրիր կոպեկներով։

Մի ծխախոտ հանեց, վառեց լամպի վրա և նստեց դիմացս, գրասեղանի մոտ։

— Այդ թող և ինձ ասա, ո՞րտեղ էիր երեկ և ո՞րտեղ գիշերեցիր, — հարցրի։

— Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Ճաշին գնացի նրանց մոտ, հետո երեկոյան կլուբ գնացինք, այնտեղ էլ ընթրեցինք և գիշերն