Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/603

Այս էջը հաստատված է

սարսափը նկարելու համար։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ֊որ որոնեց գտավ,— գիրք էր,— դրեց թևի տակ, ձեռքով ետ քաշեց երեսին ընկած մազերի խուրձը և հանգիստ քայլերով հեռացավ։

Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նստած էր նույն ծառի տակ, գիրքը ձեռքին։ Բարևեցի։ Չպատասխանեց։ Անցա։ Հետո ետ դարձա և, հրացանս դիմհար տալով, կանգնեցի նրանից մի տասը քայլ հեռու, ուղղակի նրան դեմ առ դեմ։ Շունս մոտ վազեց նրան և սկսեց հոտոտել նրա վերարկուն։ Նա քշեց շանս, հոնքերը կիտած, բայց ոչ բարկացած, նայեց ինձ և հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում։

— Ուզում եմ, որ ներեք,— ասացի։

— Ի՞նչ բանի համար։

— Որ երեկ վախեցրի ձեզ։

— Բայց հո չգիտեիք, որ ես նստած եմ այստեղ։

— Ճիշտ է, բայց և այնպես... Շատ անհանգիստ էի․ մտածում էի, որ վախից կարող էիք հիվանդանալ։

— Հետո ձե՞զ ինչ։

— Ի՞նչպես թե ինձ ինչ։ Չէ՞ որ պատճառը ես կլինեի։

Կարճ ժամանակ նայեց ինձ զարմացած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և գլուխը նորից կախեց գրքի վրա, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու, ըստ երևույթին, ուզում էր հասկացնել, որ հանգիստ թողնեմ իրեն և հեռանամ։

Բայց ես համառորեն կանգնած էի նրա առջև և ակամա հիանում էի, դիտելով նրա գեղեցիկ գլուխը շաա հարուստ, փափուկ ու փայլուն մազերով, որոնք նոր ծագած արևի թեք ճառագայթների տակ բազմազան երանգներ էին ընդունում , ինչպես փոքրիկ երեխաների թավշյա մազերը։

— Այստեղ նայեցեք,— ասացի, տեսնելով, որ գլուխը չի ուզում գրքի վրայից բարձրացնել։

Նայեց։

Ճակատս դրի հրացանիս փողի ծայրին, իսկ ոտս շնիկի վրա։

— Եթե չներեք,— ասացի,— այս րոպեին գանգս ցրիվ կածեմ։