Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/609

Այս էջը հաստատված է

էինք այնպիսի խորքեր, ուր մարդու ոտ չէր դիպչում։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախացած ընկնում էր վզովս։ Բայց այդ ուրախությունը երկար չէր տևում, նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, ինչպես այն ժամանակ, երբ սպանված աղավնին դեն շպրտեցի, էլ չէր խոսում, չէր նայում ինձ, նույնիսկ հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել իրանը։

Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանեցի աղավնին, և սկսեց թփուտների մեջ որոնել։ Աղավնին ընկած էր այնտեղ փետուրները թափված, սևացած, որդերով ծածկված։ Նայեց և իսկույն ետ քաշվեց փշաքաղված։

— Ինչո՞ւ սպանեցիր, ինչո՞ւ,— դարձավ ինձ մեղմ կշտամբանքով։

Բայց ես միայն ծիծաղեցի նրա այդ աստիճան զգայնության վրա։

— Որովհետև ինքդ ցույց տվիր,— ասացի,— և ուզում էիր տեսնել, թե ինչպես եմ որս անում։

— Ա՛խ, թե որ գիտենայի...— արտասանեց կերկերուն ձայնով, և մի ակնթարթում նրա աչքերը լցվեցին արտասուքի կաթիլներով:— Տես ինչ է դառել այն սպիտակ, այն մաքուր, այն գեղեցիկ, անմեղ...

Փղձուկը թույլ չտվեց, որ վերջացնի։ Նստեց խոտի վրա, թաշկինակը պինդ հուպ տվեց աչքերին և սկսեց լալ: Եվ լալիս էր այնքան ուժգին, որ ուսերը վեր էին թռչում։

Մնացել էի ապուշ կտրած։ Պարզապես չէի հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան վշտանալ մի հասարակ թռչունի սպանության համար։ Եվ այժմ եմ միայն կռահում, որ նա աղավնու և իր միջև, թերևս անգիտակցաբար, մի նմանություն էր տեսնում և լալիս էր ոչ թե այն անմեղ թռչունի սպանությունը, այլ իր կուսության «սպանությունը»։

Այստեղ էլ պետք է վերջակետ դնեմ, որովհետև, շուտով բաժանվեցինք և այլևս չտեսանք իրար։ Իմ մեկնելուց հետո սկզբում բավական երկար ժամանակ նամակագրություն ունեինք իրար հետ, բայց հետո, չգիտեմ ինչպես, այդ նամակագրությունը քանի գնաց՝ նվազեց և վերջ ի վերջո