Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Այս էջը հաստատված է

— Հա, աղա ջան, — արտասանեց Սաքուլը՝ խեղճ-խեղճ նայելով նրան։

— Բա էն առաջվա տասը մանեթը։

— Դե էն առաջվա տասը մանեթն էլ... դե, իհարկե,— նորից կմկմաց Սաքուլը և ավելացրեց,— թե որ...

— Ի՞նչ թե որ։

— Թե որ... ես ի՞նչ գիտամ, գրավ կուզես...

— Ի՞նչ գրավ։

— Դե գիտաս էլի, աղա ջան, մի տուն ունեմ...

— Տո՜ւն էլ ասում ա։— Սերգեյ Ստեփանիչն անկեղծ զվարճությամբ ծիծաղեց, կայտառ պատանու պես վեր թռավ տեղից և ձեռքով թափ տվավ քամակը:— Տո, տանդ որ մի քացի տամ, շուռ կգա։ Բան ունես, բան ասա։

— Դե, ի՞նչ ասեմ, աղա, էդ ա, ինչ որ ունեմ։ Ուզում ես՝ առ, չես ուզում՝ ասա գնա Քուռն ընկի։ Ուրիշ ճար չունեմ, աղա։

Սերգեյ Ստեփանիչը նորից ծիծաղեց։

— Վա՛յ, խե՛ղճ իմ Սաքուլ, ի՛նչ լավ մարդ ես,— ասաց բարեսրտությամբ խփելով նրա ուսին։— Դու ինձ էս ասա, էլի ինչքա՞ն ես ուզում։

— Էլի որ մի քսան մանեթ տաս, աղա...

— Քսա՞ն մանեթ։ Տո, քսան մանեթն ի՞նչ ա. քսան մանեթին մեկ փչեցի, հանգավ,— շարունակեց ծիծաղելով Սերգեյ Ստեփանիչը։

— Դե, հլա քսան մանեթ էլ հերիք ա, աղա,— նրա խոսքերից սրտապնդված ասաց Սաքուլը,— ու թե որ վերջը...

Սերգեյ Ստեփանիչը հանկարծ լուրջ դեմք ընդունեց։

— Է՛, էդ չըլավ, էդ չըլավ, ուստա Սաքուլ,— շտապեց ընդհատել նրան։— Քսան մանեթն էլ որ տալիս եմ, Սաքուլ ջան, հոգուս խաթեր եմ տալիս, չունքի լավ մարդ ես, լավ ուստա ես, ինձ հմար շատ ես բանել, համ էլ խմող չես։

— Աստված քեզ երկար կյանք տա, աղա ջան։ Ես էլ քու հացը շատ եմ կերել, շնորհակալ եմ. դե ինչ ասեմ, աղա ջան, թե որ լավացա, չմեռա, էն ես գիտամ էլի։

— Դե, հըմի մի քիչ սպասի, հրես շաբաշ կանեն, կգնանք ինձ մոտ մի վեքսիլ կգրենք յառսուն մանեթի,— էն առաջվա տասը մանեթն էլ հետն եմ ասում,— ու վերջը, երբ