Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/616

Այս էջը հաստատված է

ձանձրացած, պառկել քնել էր առանց հանվելու, պատվիրելով, որ եթե գա, վեր կացնեմ իրեն։

Նստած պարապում էի, ըստ սովորականին, երբ դարձյալ գրեթե նույն ժամին, ինչպես և նախորդ գիշերը, հնչեց դռանս զանգակը։ Գրեթե նույն րոպեին և հանկարծ կտրվեց Թուսյանի խռմփոցի ձայնը հարևան սենյակում։ Այդ նշան էր, որ նա հանկարծ զարթնեց զանգակի ձայնի վրա։

— Հը՞, Մարգարյան,— կանչեց նա,— այս նա է՞։

— Չէ մի, պոզեր,— ասացի ես գրգռված, չնայելով, որ ակամա սկսեցի հավատալ, թե կարող է նա լինել:

Թուսյանը երևաց դռան շեմքում շտապով բաճկոնը հագնելով։

— Կաց, ես եմ բանալու,— ասաց և դուրս գնաց։

Անհամբեր սպասում էի նրա վերադարձին։ Այդ արկածն սկսել էր խիստ հետաքրքրել ինձ։

Երկար սպասում էի։ Թուսյանը չէր վերադառնում։ Ասացի՝ երևի դռանը խոսակցության են բռնվել և որտեղ որ է՝ կմտնեն։ Ու հիմա, անհանգիստ, այն մասին էի մտածում, թե ինչ հիմար դրության մեջ է դնելու ինձ իմ սեփական բնակարանում այդ անամոթ մարդը։

Մի քիչ էլ սպասեցի, տեսնեմ վերադարձավ մենակ և ձեռքերը տարածեց ծայր աստիճան տարակուսանքով։

— Սա ի՞նչ հանելուկ է,— ասաց,— ոչ ոք չկար։

7

Հանելուկը պարզվեց հետևյալ առավոտյան, երբ ես նոր էի գնացել պաշտոնավայրս և, առանձնասենյակումս նստած, ձեռնարկել էի օրվա աշխատանքս։ Թեև պատվիրել էի, որ աշխատանքիս որոշ ժամերին ոչ ոք չխանգարի ինձ, բայց և այնպես ծառան մտավ և ասաց, որ մի պարոն ուզում է տեսնել ինձ մի շատ կարևոր գործի համար։ Ստիպված էի պատվիրել, որ ներս հրավիրի։

Մտավ մեկը շատ զգույշ և անհամարձակ քայերով։ Երբ գլուխս բարձրացրի, որ տեսնեմ՝ ով էր, սկզբում զարմացած, հետո մեկեն վեր թռա ուրախական բացականչությունով։