Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Այս էջը հաստատված է

որ կլավանաս կամ փողը կտաս, կամ փողի տեղ կբանես։ Հը, լավ չեմ ասո՞ւմ,— հարցրեց Սերգեյ Ստեփանիչը, տեսնելով, որ Սաքուլը, վեքսիլի անունը լսելով, մի քիչ մտատանջության մեջ ընկավ։

— Դե ոնց որ ուզում ես, աղա ջան,— ասաց Սաքուլն ականջի հետևը քորելով։

— Չէ, դո՞ւ ոնց ես ուզում։ Վեքսիլ նրա հմար եմ ասում, որ տան գրավը ղալմաղալ բան ա — էլ նատարիուս, էլ կուպչի, էլ պոշլինի,— օրեր կքաշի, համ էլ անմեղ տեղը ծախսեր կգնա։

— Լավ, թող վեքսիլ ըլի,— համաձայնեց Սաքուլը։

* * *

Հետևյալ օրն ևեթ Նատոն մի քանի արշին սպիտակ միտկալ գնեց, շապիկ կարեց և հագցրեց Սաքուլին արխալուղի վրայից, իսկ մի քանի օրից հետո «թելեժկեն» բարձած, իրենք էլ երեխաներով վրեն նստած՝ առավոտյան վաղ բռնեցին Թելեթի ճանապարհը։ «Թելեժկի» հետևը ոտներից պինդ կապկապած՝ պառկած էր մատաղացու ոչխարը և գլուխը դրած «թելեժկի» ճռճռացող տախտակներին՝ իր ոչխարամիտ հայացքով նայում էր հետևից երկար ու մեկ ձգվող արևակեզ փոշոտ խճուղուն։

Երկար քարքարոտ ճանապարհը, «թելեժկի» տատանումը, տոթ եղանակը բոլորովին ուժասպառ արին Սաքուլին, այնպես որ, երբ ճաշի դեմ Թելեթ հասան, մոր և կնոջ օգնությամբ հազիվ կարողացավ իջնել «թելեժկից» և, ոտները քարշ տալով, գնաց նստեց հսկայական ընկուզենու տակ երկայն նստարանի ծայրին։

Նույն ընկուզենու րնդարձակ հովանու տակ քառակուսի տախտակամածի վրա հավաքված էին զուգված-զարդարված մի խումբ տիկիններ, օրիորդներ և դպրոցական տղաներ ու աղջիկներ թիֆլիսեցի հարուստ բազազների, բախկալների ու գինեվաճառների ընտանիքներից, որոնք ծառաներով ու աղախիններով եկել բռնել էին վանքի ամենալավ սենյակները ոչ այնքան իբրև ուխտավոր, որքան իբրև ամառող։ Նույն տեղը առանձնակի նստած էին իրար կողքի գյուղի երկու