Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/620

Այս էջը հաստատված է

— Այո։

— Ե՞րբ հայտնեց քեզ այդ բանը։

— Երեկ չէ, մեկէլ օրը, երբ հանդիպել էր այդ պարոնին։

— Մինչև այդ ժամանակ ոչինչ չէ՞ր ասել։

— Ամենևին։

— Եվ դու ոչինչ չէի՞ր կասկածում։

— Բնավ։

— Այդքան ժամանակ ծածուկ պահելուց հետո ինչո՞ւ հայտնեց։

— Որ վրեժխնդիր լինեմ։

— Բայց չէ՞ր մտածում, որ դու կարող էիր վրեժխնդիր լինել ամենից առաջ իրենից, որ քեզ խաբել է։

— Ո՞վ, ես՞... վրեժխնդիր նրանի՞ց... Ուրեմն դու դեռ լավ չես ճանաչում ինձ, ուրեմն դու դեռ չգիտես, թե որքան եմ սիրում նրան...

— Իսկ նա քեզ սիրո՞ւմ է։

— Կարող եմ ասել, որ առանց ինձ մի օր էլ չի ապրի։

— Որ այդպես է, ինչո՞ւ է ուզում քեզ կործանել. չէ՞ որ մարդասպանության համար դու կկորչես, իսկ դրանով ինքն էլ կդժբախտանա, եթե իսկապես այդ աստիճան սիրում է քեզ։

— Այդ բոլորն ասել եմ, կարծում ես՝ չե՞մ ասել, բայց նա ոչ մի պատճառաբանություն, ոչ մի առարկություն լսել անգամ չի ուզում։ Ամբողջովին վրեժ է կտրել և այդ վրեժը լուծելու համար պատրաստ է ինձ էլ, իրեն էլ, ամեն բան զոհելու։ Հիշո՞ւմ ես, քեզ պատմել եմ, նշանած ժամանակ որ Մուշտայիդ էինք գնացել, գետնի վրա ատրճանակ նկարեց և հարցրեց՝ մարդ կարո՞ղ եմ սպանել։ Դու մի ասի՝ շարունակ մտածելիս է եղել իր վրեժի մասին։ Եվ ես նոր եմ գլխի ընկնում, որ նրա բոլոր տարօրինակությունների պատճառն իր խորտակված կյանքն է եղել։

— Լավ, ինչո՞ւ է ուզում, որ իր վրեժը անպատճառ սպանությամբ լուծվի։

— Որովհետև, ասում է, ուրիշ պատիժ չկա այդպիսիների համար. որովհետև, ասում է, նա սպանեց ինձ, ինչպես այն աղավնուն, որ իր համար հանգիստ նստած էր ծառի վրա և ոչ ոքի վնաս չէր տալիս։ Ի՞նչ աղավնի է դա —