Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/625

Այս էջը հաստատված է
9

Աշխատանքս վերջացնելուց հետո առաջին գործս այն եղավ, որ գնացի փնտրելու Թուսյանին, որպեսզի հենց այդ օրն ևեթ ճանապարհեի Թիֆլիսից։ Հանդիպեցի ամեն տեղ, ուր ենթադրում էի, թե կգտնեմ նրան, գնացի, ի միջի այլոց, Սարումյանի մոտ, որի կնոջ վրա աչք էր բռնել,— ոչ մի տեղ չգտա։ Իսկ աշնան կարճատև օրն արդեն մթնում էր, և ես վերջ ի վերջո ստիպված եղա որոնումներս դադարեցնել, որպեսզի գնայի Սառայի մոտ։

Չիմացա ինչպես ճաշեցի, որովհետև ինձ չափազանց անհանգստացնում և, միևնույն ժամանակ, հետաքրքրում էր այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։ Չգիտեի թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով պիտի արդարացնեի միջամտությունս, ինչ պիտի ասեի, ինչպես պիտի «հանգստացնեի» Սառային, և որքան աշխատեցի պատճառաբանությունների մի նախագիծ կազմել ինձ համար, որպեսզի ըստ այնմ էլ շարժվեի, ոչինչ դուրս չեկավ։ Վերջ ի վերջո հիշեցի, որ այդպիսի դեպքերում առհասարակ նախապատրաստումը միանգամայն ավելորդ է հանդիսանում, որովհետև երբեք չի արդարանում, և ամեն բան պետք է գցել հանգամանքների բերմունքին ու րոպեի թելադրանքին։

Այդպես էլ վճռեցի ու գնացի։

Փողոցի դուռը բաց արեց ինքը Գարեգինը, որին դռան ապակու միջից տեսա վերևից մարմարի սանդուղքով արագորեն իջնելիս։

— Շնորհակալ եմ, որ եկար. անհամբեր սպասում էի,— ասաց կամաց՝ ձեռքս պինդ սեղմելով։— Եկ գնանք։ Բայց ոչ, սպասիր։

Ձեռքս բռնած, պահեց ինձ, մի անհանգիստ հայացք գցեց վերև, դեպի սանդուղքի գլուխը երրորդ հարկում, և նորից դառնալով ինձ՝ հարցրեց ավելի կամաց.

— Իսկ այն պարոնին արդեն ճանապա՞րհ դրիր:

— Շատ ման եկա, չգտա։ Բայց սովորաբար ինձ մոտ է գիշերում. այս երեկո որ վաղ գա, կճանապարհեմ հենց