Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/628

Այս էջը հաստատված է

տեսնեմ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ Սառան ուսերին մի հաստ շալ գցած։

Մտավ, դուռը ետ դրեց, նախապես շրջազգեստի ետևի փեշը քաշելով դեպի ինքը, որ դռան տակ չմնա, և նայեց ինձ մի չափազանց սառը հայացքով, որի մեջ կատարելապես արդարացած տեսա իմ բոլոր ամենավատ գուշակությունները և նախազգացումները։

Եվ այդ հայացքը բավական էր, որ չհամարձակվեի մոտենալ նրան. միայն մեքենայաբար վեր կացա և բարևեցի։

Չընդունեց բարևս և շարունակում էր լուռ կանգնած մնալ դռան մոտ՝ իր սպանիչ սառն հայացքը դեմքիս սևեռած։

Ու, ինչքան էլ որ շփոթված էի, չկարողացա չնկատել մի ահագին փոփոխություն, որ կատարվել էր նրա արտաքինի մեջ։ Ամուսնական կյանքը, թե վերջին օրերի ջղային հուզումները միանգամայն ջնջել էին նրա նախկին գեղեցկությունը։ Առանց այն էլ խոշոր աչքերը մեծացել էին անբնականորեն, շրթունքները կապտել ու հաստացել էին, դեմքը գունատ էր, նիհար և այնքան հիվանդոտ, որ կարծես անկողնից էր վեր կացել։

Երկար Ժամանակ նայում էր ինձ իր ատելությամբ և սառն հայացքով, հետո, հանկարծ ցնցվեց, արագորեն նստեց մոտը գտնված աթոռի վրա, փորը բռնեց ձեռքերով, կուչ եկավ ու քարացավ՝ դեմքը ծամածռված ֆիզիկական մի սուր ցավի արտահայտությամբ։

Նոր հիշեցի, որ Գարեգինն ասել էր, թե հղի է։ Եվ կարեկցության ու հարգանքի մի խոր զգացում ակամա համակեց ինձ։ Միևնույն ժամանակ երբեք այնպես, ինչպես այդ րոպեին, պարզորոշ չէի գիտակցել այն անխիղճ ցածությունը, որի շնորհիվ, ըստ երևույթին, հավիտենապես խորտակվել էր այդ դժբախտ աղջկա կյանքը։

Դրությունս չափազանց անհարմար էր։ Մնացել էի տեղում կաշկանդված, չիմանալով ինչ անեմ, ինչ ասեմ։

Իսկ Սառան, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով ցավի ճիչերը, շարունակում էր մի խուլ նվոցով կուչ ու հուպ գալ, երքեմն-երբեմն բռնելով մեջքը, մինչև որ կամաց-կամաց հանգստացավ, ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը թուլացած գցեց ներքև, աչքերը փակեց և