Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Այս էջը հաստատված է

քահանաներ, ամեն մեկի ձեռքին մի հովանոց, և աչքերը քաղցած գայլերի պես տնկել էին դեպի ուխտավորների բնակարանների երկայն պատշգամբը, որտեղ աղախինները և ծառաները սուրճի պատրաստություններ էին տեսնում սպիտակ սփռոցներով ծածկված սեղանների վրա։

Վանահայրը — խոզ կտրած մի վարդապետ, կապայով և թասակը գլխին — իր բնակարանի պատշգամբում, զանգակատան տակ, նարդի էր խաղում ուխտավոր ընտանիքներից մեկին պատկանող մի երիտասարդի հետ։

— Դուք գնացեք համբուրեցեք, մինչև ես տեղաշորը կգցեմ ու բարգն էլ տուն կածեմ,— ասաց Նատոն սկեսորն ու ամուսնուն։

Պառավն առավ Սաքուլի թևը, մտան եկեղեցի, մոմ վառեցին, համբուրեցին, ծունր դրին, աղոթք արին, դարձյալ համբուրեցին, «պահպանիչ» ասել տվին քահանաներից մեկին, որը շտապել էր ներս մտնել եկեղեցի նրանց հետևից։ Այդ բոլորը տևեց այնքան երկար, որ երբ դուրս եկան, Նատոն բացանողի պատվերի համաձայն, արդեն անկողին էր պատրաստել եկեղեցու տակ, հետևի կողմը և հետները բերած իրեղենները թափել էր դատարկ սենյակներից մեկում։ Ծծի երեխան լաց էր լինում փոքրիկ աղջկա գոգին, որը օրորելով և «սը-սը» անելով ապարդյուն աշխատում էր լռեցնել նրան։

Եկեղեցուց դուրս գալուն պես Սաքուլը պառկեց անկողնում։

Մայրը թողեց նրան և գնաց հարսին օգնելու, որ սենյակը կարգի դնեն։

Սենյակը խոնավ և աղտոտ էր: Այդ և հետևյալ օրը գիշեր-ցերեկ Սաքուլը պառկած էր անկողնում եկեղեցու պատի տակ։ Գիշերները նրա մոտ նստած հսկում էր մայրը համարյա անքուն։ Բարեբախտաբալւ այդ երկու օրը եղանակը լավ էր, և Սաքուլը բավական լավ էր զգում իրեն։ Երկրորդ օրը առավոտյան մատաղը մորթեցին։ Ամենալավ կտորները և մորթին տարան վանահայրը, տերտերները, տիրացուն և ժամկոչը, մնացածից շատը բաժանեցին հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը տարան գյուղի բոկոտն երեխաները և կանայք, որ հավաքվել էին հազար ու մի տեսակ ամաններ ձեռքներին։