Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/630

Այս էջը հաստատված է

հանգստությամբ, նայելով ուղղակի աչքերիս:— Կարող եք ապահով լինել միանգամայն, ես ձեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ։

— Ներեցեք, տիկին, ես ձեզ չեմ հասկանում,— ասացի պարզապես ապշած նրա խոսքերի վրա։— Մի՞թե դուք կարծում եք, որ ես եկել եմ...

— Խնդրեմ, առանց առաջաբանի,— ընդհատեց ինձ Սառան խստորեն։— Թե ինչ եմ կարծում ես, այդ թողեք ես գիտենամ, իսկ դուք ասացեք ուղղակի ձեր ասելիքը։

Տեսա, որ արդեն ջղայնանում է և, եթե իսկույն գործի չանցնեի, այլևս անկարող պիտի լինեի բան հասկացնել։

— Սպասեցեք, ամուսնուս կանչեմ,— հանկարծ վրա բերեց Սառան և, արագորեն վեր կենալով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ։

— Ոչ, ոչ,— ակամա բացականչեցի ես նրա ետևից։

Կանգ առավ և զարմացած դարձավ ինձ.

— Ինչպե՞ս։

— Նա չպետք է ներկա լինի մեր խոսակցությանը։

— Ինչո՞ւ։

Շփոթվեցի, չիմացա ինչ պատասխանեմ, որովհետև չգիտեի իսկապես, թե ինչու Գարեգինը ներկա չպիտի լիներ մեր խոսակցությանը, բայց այստեղ հանկարծ օգնության հասավ ինձ րոպեի թելադրանքը, և ես պատասխանեցի.

— Որովհետև այն, ինչ որ պիտի ասեմ և ինչի համար որ եկել եմ ձեզ մոտ, նրան է վերաբերում։

— Եվ ոչ ի՞նձ։

— Ոչ, նրան, միմիայն նրան։

Մի կարճ ժամանակ Սառան զարմացած շարունակում էր նայել ինձ, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և նորից նստեց։

— Շատ բարի,— ասաց նորից թախծալի կերպարանք առնելով և փաթաթվելով շալի մեջ։— Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։

Այժմ արդեն, րոպեի թելադրանքի տակ, ինձ համար միանգամայն պարզ էր, թե ինչ պիտի ասեի, ինչպես պիտի սկսեի և ինչպես վերջացնեի։ Ու սկսեցի, աշխատելով կարելույն