Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/633

Այս էջը հաստատված է

կողմից մի առանձին ուշադրության, ոչ էլ ձեր կողմից այդ բանում ինձ օգնելու կարիք չկա ամենևին: Իսկ որպեսզի դուք միանգամայն ապահով ու հանգիստ լինեք նրա համար, ես ահա ի՛մ իսկ բերանով հաստատում եմ, որ այն բոլորը, ինչ որ պատմել է նա ձեզ այսօր, զուտ իրողություն է։ Ատրճանակն էլ, այո՛, ես եմ տվել նրան և ե՛ս եմ ստիպում, որ գա և սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա՞ ինչ կասեք, պարոն։

Պատասխան չգտա տալու։ Մնացել էի կարկամած և զարմացած այդ համարձակ խոստովանությունից, նրա անշփոթ, մեթոդիկ դատողությունից, որ կարծես շարահարել էր առաջուց ու սերտել, և մանավանդ նրա անողոք հայացքից, որի մեջ, ինչպես և նրա ամբողջ խոսակցության եղանակի մեջ, անվախ մարտակոչի շեշտեր էի զգում շարունակ,— կարծես ես եկել էի ոչ թե իբրև ցավակից բարեկամ, այլ իբրև մի անհաշտ ախոյան, որի հետ պատրաստ էր մահացու մենամարտի բռնվելու։

— Ասացե՛ք, հիմա՞ ինչ կարող եք ասել,— կրկնեց անողոք կերպով։

— Ես... ի՞նչ կարող եմ ասել,— թոթովեցի ես, պարզապես շփոթված նրա համառ պնդումից և իսկապես չիմանալով, թե ինչ կարող եմ ասել։

Կամաց վեր կացավ, շեշտակի նայելով աչքերիս։

— Ինչպե՞ս թե ինչ կարող եք ասել, — ասաց կարծես ծայրահեղորեն ապշած։— Ես ձեզ այսպիսի բան եմ ասում, և դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Ես իմ ամուսնուն, որ ձեր ամենամոտիկ ընկերն է, ուղարկում եմ դեպի ոճրագործություն, դեպի մարդասպանություն, որից նա կարող է կորչել, և դուք ոչինչ չունե՞ք ասելու, և դուք այդքան անտարբե՞ր եք։ Այդ անկարելի է։ Դուք պե՛տք է որ բան ունենաք ասելու։

Արդեն տեսա, որ այլևս անկարելի էր խուսափել բուն խնդրից, դեպի որը համառորեն մղում էր ինձ ինքը Սառան։ Ու, բռնի կերպով տիրապետելով ինձ և մի քիչ վիրավորված զգալով ինքնասիրությունս նրա վերջին խոսքերից, նկատեցի այլևս առանց շփոթվելու.

— Տիկին, իզուր եք կարծում, թե ես անտարբեր եմ։ Եվ