Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Այս էջը հաստատված է

Օրը տոթ էր, շունչ քաշել չէր լինում։ Երեկոյան դեմ երկինքը թխպեց, արագորեն սևացավ, հրեղեն կայծակներն սկսեցին պատռել ամպերի կուրծքը նախ հեռավոր ու խուլ, հետո ավելի ու ավելի մոտեցող և ուժգին որոտումներով. օդը սկսեց շարժվել և ցրտել. հետո հանկարծ այնպիսի մի ուժգին փոթորիկ բարձրացավ շրխկոցով ու թրխկոցով, որ երկինք ու երկիր խառնվեցին իրար փոշով ու աղբով։ Մի ինչ-որ ցուրտ բան, կլորիկ ու պստիկ, հրացանի կոտորակի պես թրխկաց Սաքուլի երեսին, որ վերմակի տակ պառկած դիտում էր մոլեգնած բնության այդ արհավիրքը։ Մի կոտորակին հետևեց երկրորդը, երրորդը... ավելի ու ավելի հաճախ ու խոշոր։ Սաքուլը շտապեց շուռ գալ կողքի և գլուխը ծածկեց վերմակի տակ։ Նույն րոպեին զգաց, որ կարկտախառն անձրևը թակում է վերմակը։ Նատոն ձեռաց վազացրեց մի մեծ կապերտ և ձգեց նրա վրա։ Պառավն էլ մի երկու տոպրակ բերեց և ձգեց կապերտի վրա։

Սաքուլը կուչ էր եկել այդ ծանրության տակ, ճնշվելով օդի պակասությունից, և ականջ էր դնում, թե ինչպես կարկտախառն հորդառատ անձրևը շփշփոցով թակում էր տոպրակներն ու կապերտը, թե ինչպես երկինքը գոռգոռում է ահեղագոչ որոտումներով համարյա թե անընդհատ, թե ինչպես հառաչում ու շառաչում էին ընկուզենին ու մյուս ծառերը փոթորկի ուժգին թափահարումներից։ Նա զգաց, թե ինչպես անձրևի ջրից գոյացած մի առվակ ծլլալեն ներս խուժեց բարձի վրայով, անախորժ սառնությամբ սողաց ականջի մոտով և սկսեց գուբ կապել տակը, ծծվելով ներքնակի մեջ։ Առվակներ էին, որ վազում էին անկողնի կողքերից։

Կինն ու մայրը, հորդահոս անձրևի տակ թրջվելով, շփոթված, չէին իմանում ինչ անեն։ Բացանողը պատվիրել էր որ հիվանդը երեք օր ու գիշեր պետք է պառկած մնա խաչի տակ բացօթյա, մինչդեռ երեք օր ու գիշեր դեռ չէր լրացել, իսկ հիվանդին այդ հորդահոս անձրևի տակ թողնել անկարելի էր։

— Աղջի, վեր առնենք տուն տանենք,— ասում էր պառավը։

— Բա որ իրեք օրը չի թամամել,— առարկում էր Նատոն։