Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/641

Այս էջը հաստատված է

էր իմ հայտնած անսպասելի նորության և մանավանդ այն լուրջ եղանակի, որով խոսում էի նրա հետ:

Եվ ես չսխալվեցի իմ այդ ենթադրության մեջ, որովհետև մեկ էլ նայեմ տեսնեմ՝ դեմքը պարզվել է և նայում է ինձ ժպտալով։

— Քեռի,— ասաց,— արի մի բան ասեմ, և դու էլ խոստովանիր, որ չեմ սխալվել։

— Ի՞նչ։

— Տեսար տանդ խնամի եմ նստել, ինքդ էլ հեղինակ, վառ երևակայության տեր, այդ բաները հեղինակեցիր, որ գլխիցդ ռադ անես։ Չէ՞:

Պատասխանս միայն ուսերիս արհամարհական շարժումը եղավ, և, երևի, ես չկարողացա զսպել զզվանքիս արտահայտությունը, որովհետև նա նորից լուրջ կերպարանք առավ։

— Լավ, — ասաց,- բայց ի՞նչպես է, որ անցյալ օրը մեր առաջին հանդիպումին մի առանձին թշնամական վերաբերմունք չնկատեցի նրա մեջ դեպի ինձ։ Կամ, գուցե, դա մի խորամանկություն էր և հասցես առավ նրա համար, որ... Ասենք; ե՛ս չեմ, որ պիտի վախենամ մահից, բայց չէ՞ որ մահն էլ որևէ իմաստ, որևէ արդարացում պիտի ունենա: Թե չէ — ահա՛ իմ ճակատը և ահա՛ քո գնդակը, տուր գլորիր, թե ի՞նչ:

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով,— հարցրի զարմացած:

— Ա՛յն եմ ուզում ասել, որ... մի՞թե, հիրավի, ես այնքան մեղավոր եմ, որ ուզում են ինձ շանսատակ անել: Չէ՞ որ ես բռնի կերպով չտիրացա նրան, ինչպես անում են վերջին կինտոները։ Նա այնքան ուզում էր ինձ, որքան և ես իրեն։ Մեր հոգիները և մեր մարմինները փոխադարձաբար ձգտում էին իրար, և այդ փոխադարձության հետևանքն ուրիշ բան չէր կարող լինել, քան այն, ինչ որ կատարվեց։ Ճիշտ է, ամուսնանալու խոստում էի տվել, բայց այդպիսի դեպքերում սեփական կյանքը զոհաբերելու խոստում էլ են տալիս, և ո՞վ է լուրջ նշանակություն տալիս այդ բանին, որովհետև մի խոստում, որ չի կատարվում իսկույն, վաղվան համար հո մի կոտրած գրոշ էլ չարժե։ Իսկ ես հեռացա, հետո տարիներ անցան, և եթե այս պատահական հանդիպումը