Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/642

Այս էջը հաստատված է

չլիներ, ո՞ւմ մտքով կանցներ, թե մի ժամանակ անտառում ինչ եմ արել։ Եվ ո՞ր մեկը հիշեմ. մեկն այստեղ, հարյուր մեկն այնտեղ — Ռուսաստանում։ Եվ ինչո՞ւ պիտի հիշեմ։ Մի բան, որ բնական է, պիտի կատարվի անցնի։ Հո մենք չենք հիշում, թե օրը-օրին ինչ ենք ուտում, քաղցը ստիպում է ուտել, ուտում ենք և մոռանում։ Հետո... զավակ՝ ասում ես։ Խոստովանում եմ, այդ բանին էլ լուրջ նշանակություն չեմ տվել։ Վերջին նամակների մեջ, որ գրում էր, թե հղի է, ինքս ինձ ասում էի՝ վնաս չունի, աբորտ կանի, կանցնի։ Նրա պես քանիսներն են այդպես արել։ Բայց որ ասում ես, թե ծնել է և... Ա՜յ, այստեղ ես բան չեմ հասկանում։ Ի՞նչպես կարելի է այդ։ Ինքն էր, չէ՞, որ ինձ մոռացնել տվեց սպանությունը։ Մինչդեռ իմ սպանածը միայն մի աղավնի էր։ Նա աղի արցունք էր թափում մի անպետք թռչունի համար և հանկարծ ինքն իր ձեռքով սպանում է իր սեփական արգանդից նոր ելած մանուկը։ Դա ի՞նչ սոսկալի հակադրություն է։

— Ա՛յ, լավ ասացիր,— վրա բերի ես։— Հենց այդ բանից էլ կարող ես եզրակացնել քո մեղավորության չափը։ Որքա՜ն այլանդակված պիտի լիներ քո վարմունքով նրա հոգին, որքա՜ն լքված ու հուսահատված պիտի զգար նա իրեն, որ ստիպված լիներ այդպիսի մի սոսկալի ոճիր գործել։ Ես լիովին հասկանում եմ նրան և ամենևին չեմ դատապարտում, որովհետև ներկա հասարակության և ներկա հասարակարգի մեջ ո՞ւր գնար, ո՞ւմ ապավիներ, ո՞ւմ և ո՞ր օրենքի օգնությանը դիմեր մի անմեղ, անփորձ աղջիկ՝ ապօրինի մանուկը ձեռքին։ Եվ դեռ հարցնում ես, թե մի՞թե այնքան մեղավոր ես։

Թուսյանը չառարկեց և լսում էր ինձ անկեղծ զարմանքով։ Տեսնում էի, որ իսկապես լուրջ նշանակություն չէր տվել այդ բանին և հազիվ թե երբևէ մտածած լիներ առհասարակ այդպիսի բաների մասին, և այժմ զարմանում էր, թե ի՞նչպես կարող էր մի ուրիշն այդքան դժբախտանալ իր պատճառով։

— Եվ այդ բոլորից հետո,— ավելացրի ես,— դու դեռ երես ես ունեցել ոչ միայն մոտենալու նրան, այլև ինչ֊որ զզվելի առաջարկ անելու, «շնական» առաջարկ, ինչպես ինքն