Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/644

Այս էջը հաստատված է

ասաց։ Եվ ոչինչ այնքան չի վիրավորել ու վրդովել նրան, որքան այդ հանդգնությունը։ Որովհետև ի՞նչ է նշանակում այդ։ Այդ նշանակում է, որ դու նրան էլ համարում ես այն կանանցից, որոնց հետ՝ երբ կամենաս՝ կարող ես դործ ունենալ, ինչպես օրինակ, տիկին Սարումյանի հետ, և ամենևին նկատի չես առել, որ նա ոչ միայն ամուսնացած է, այլև վաղը չէ մյուս օրը մայր պիտի լինի։

— Ի՞նչպես թե մայր...

— Չէ՞ որ նա հղի է...

— Фу ты черт!— բացականչեց Թուսյանը, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել սենյակում։ — Դա ի՜նչ դժբախտություն է. այն ժամանակ հղի, հիմա հղի...

— Եվ այս անգամ գուցե ավելի դժբախտ հետևանքով:

Թուսյանը հանկարծ կանգ առավ և վախեցած նայեց երեսիս.

— Ի՞նչպես։

— Որովհետև քո վարմունքից այնքան է վրդովվել, որ եթե ժամանակից առաջ չվիժի և կենդանի մնա, այդ ուղղակի հրաշք կլինի։

— Ի՞նչ ես ասում,— շշնջաց Թուսյանը, գույնը նետելով։

— Ես քեզ բան եմ ասում, որովհետև աչքովս տեսա, թե ինչպես սոսկալի ցավեր է զգում։

Թուսյանը շարունակ երեսիս նայելով, կարճ ժամանակ մնաց քարացած։ Հետո նստեց և այլևս ձայն ծպուտ չհանեց։ Միայն անսովոր լուրջ ու մտազբաղ, որ բնավ չէր սազում նրան, հայացքը հառել էր մի կետի։ Պարզ էր, որ իմ հայտնություններից և ոչ մեկն այնպես չէր ազդել նրան, որքան վերջին հայտնությունը Սառային սպառնացող վտանգի մասին։

Այդ միջոցին վերադարձավ ծառան և հայտնեց, որ կառքը բերել է։ Թուսյանը բնավ ուշադրություն չդարձրեց, կարծես ինքը չէր գնացողը, և շարունակում էր անշարժ նստած մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ծառան դուրս տարավ նրա ճամպրուկը։

— Դե վեր կաց, որ չուշանաս,— ասացի։

Մեքենայաբար վեր կացավ, գլխարկը ծածկեց և սկսեց շատ դանդաղորեն, կարծես ակամա, հագնել վերարկուն,