Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/647

Այս էջը հաստատված է

Շարունակում էի մնալ կարծես հավիտենական մղձավանջային մի դրության մեջ, որից, հակառակ ջանքերիս, ելնել չէի կարողանում։ Ինձ թվում էր, թե այդ մի քանի րոպեի մեջ, երբ ես կրել էի մահվան բոլոր սարսափը, աշխարհը կործանվել էր, տարտարոսը դուրս էր վիժել իր բոլոր արհավիրքները, զարմանում էի, թե ինչպես էր եղել, որ այդ տիտանական զարհուրանքի մեջ չէր զարթել ոչ ոք ամբողջ տան մեջ, իսկ դուրսը, փողոցում, այնպիսի անդորրություն էր տիրում։ Ես բացեիբաց հրաժարվում էի հավատալ, թե այն բոլորը, ինչ որ տեսա և զգացի այդ մի քանի րոպեում, իրականություն էր, և ինչպես երբեմն պատահում է սարսափելի երազի մեջ, ինքս ինձ սրտապնդում էի նրանով, որ ասում էի, թե այդ երազ է միայն, ուրեմն և վախենալու ոչինչ չկա, ահա որտեղ որ է՝ կզարթնեմ և ամեն բան կանցնի։

Այդ դրության մեջ էի դեռևս, որ հանկարծ մի սուր ձայն ռետինի գնդակի պես վեր նետեց ինձ, նորից փշաքաղելով ամբողջ մարմինս։ Դռանս զանգակի ձայնն էր նորից և այնքան ահավոր, որ կարծես ինքը մահը ճչաց։ Ու, ինչպես վիրավոր մի գազան, որ խելակորույս ինքն է վազում որսորդի գնդակի դեմ, ես դուրս նետվեցի։ Եվ երբ դուռը բաց արի այն անգիտակցական վճռականությամբ, որ իսկույն վրա ընկնեմ և ատրճանակը խլեմ ձեռքից, ապշած, գրեթե զգաստացած տեսա, որ ոչ թե Սառան է, ինչպես համոզված էի ես, այլ Գարեգինը ծանր հևքը բերնին, երևի վազելուց։

— Ի սե՛ր աստծո, օգնի՛ր,— ասաց հազիվ շունչը հետ բերելով։— Սառան չկա... քնած էի... դուրս է եկել... չգիտեմ ուր է գնացել... Պետք է օգնես... Ես խելքս կորցնում եմ... չեմ իմանում ինչ անեմ... ի սեր աստուծո, շուտ... արի գնանք...

— Ո՞ւր:

— Որոնելու։

— Ո՞րտեղ։

— Չգիտեմ... ես այլևս մտածելու ընդունակություն չունեմ... Դու ասա, ո՞րտեղ կլինի։

— Նա այստեղ էր։