Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/648

Այս էջը հաստատված է

— Այստե՞ղ... քեզ մո՞տ,— աղաղակեց խեղճը և վրա ընկավ ձեռքերիս։— Հետո՞։

Շնչասպառ էր լինում, լափում էր ինձ հետաքրքրությունից և անհամբերությունից չռած աչքերով։

Մի քանի խոսքով պատմեցի եղելությունը։

Լսեց ինձ, լսեց, հետո մի «վայ» արավ, երկու ձեռքով պինդ խփեց գլխին և մնաց այդպես քարացած։ Հետո հանկարծ խեղդվողի պես բռնեց ձեռքիցս և ձիգ տվեց, որ տանի իր ետևից։

— Գնանք... ի սեր աստուծո, գնանք շուտով... շուտով...

— Ո՞ւր։

— Չգիտեմ... Գետը... Հիմա՛ եմ հիշում. սպառնում էր, որ ի՛նքը կսպանի, եթե ես չսպանեմ, և հետո գետը կընկնի կխեղդվի... Գնանք, մենք կազատենք նրան...

Եվ խելագարի պես մի կատաղի ուժով շարունակում էր, ձեռքիցս պինդ բռնած, քաշել իր կողմը, որ տանի ինձ իր հետ։

Մեծ ուժ և սառնասրտություն էր հարկավոր ինձ, որ պահեի նրան և համոզեի, թե դա դատարկ սպառնալիք է եղել նրան վախեցնելու համար, թե Սառան անշուշտ բռնված է եղել սպանելու մանիայով, և այն բանից հետո, երբ ատրճանակը պարպեց այստեղ, երևի կարծել է, թե արդեն սպանեց, և հանգստացած վերադարձել է տուն։

— Դու կարծո՞ւմ ես, դու կարծո՞ւմ ես,— բացականչեց Գարեգինն ուրախացած։— Որ այդպես է, տուն գնանք... Շուտ, աղաչում եմ, շուտ։

Շտապով դարձա սենյակս, գլխարկս ծածկեցի, վերարկուս հագա և, դուրս գալով, Գարեգինի հետ դիմեցի դեպի նրա բնակարանը։ Այժմ ինձ առաջ էր մղում ավելի հետաքրքրությունը, քան օգնության կարիքը, որովհետև ինձ համար ոչ մի տարակույս չկար, որ աղետն արդեն կատարված վերջացած պիտի լիներ, թեև Գարեգինին հայտնած ենթադրությունս էլ անհավանական չէր թվում ինձ։

Գիշերը, ինչպես երևում էր, շատ ուշ էր. փողոցներում ոչ մի կենդանի շունչ չէր երևում, բացի գիշերապահներից, որոնք ահագին մուշտակների մեջ կոլոլված դանդաղորեն չափում էին խանութների շարքերը։ Կես ճանապարհին հազիվ